Քանոնը հայկական մշակույթում հայտնի է միջնադարից։ Նվագարանի եւ դրա նախատիպերի մասին վկայություններ կան Հովհաննես Դրասխանակերտցու (10-րդ դար) եւ Հակոբ Ղրիմեցու, Թամբուրի Հարությունի (18-րդ դար) աշխատություններում, միջնադարյան մանրանկարներում, ինչպես նաեւ տապանաքարերի 16-18-րդ դդ. պատկերաքանդակներում։ Այստեղ պատկերված են եւ՛ մենակատար երաժիշտներ, եւ՛ փողային, լարային ու հարկանային նվագածուների նվագախմբեր։ Քանոնին անդրադարձել են արվեստաբան Գարեգին Լեւոնյանը, քանոնահար կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ այլք։ Նվագարանը հնչել է աշուղների կատարմամբ, սազանդարների անսամբլներում եւ ժողովրդական գործիքների նվագախմբերում։
Քանոնը պատկանում է բազմալար, անկոթ, կսմիթային նվագարանների ընտանիքին։ Նվագարանի իրանը սեղանաձեւ, հարթ արկղիկի է նման, որի ձախ կողը թեք կտրվածք ունի, իսկ աջը՝ ուղղահայաց։ Իրանի մակերեսի 2/3-ը փայտից է պատրաստված, իսկ 1/3-ը՝ թաղանթից։ Դեկայի փայտյա մասի վրա բացված է երեք արձագանքատու ձայնանցք։ Լարերը հորիզոնական դիրքով ձգվում են դեկայի ամբողջ մակերեսով, անցնում թաղանթին վերից վար ձգվող փայտե խառակի վրայով եւ կապվում աջ մասի ուղղահայաց կողին։ Սեղանաձեւ իրանի ձախ կողմում ամրացվում են լարերը ձգող ականջները եւ ձայնի բարձրությունը կարգավորող մետաղե բռնակները։ Նվագարանն ունի երեք ու կես օկտավա ձայնածավալ։ Լարվածքը դիատոնիկ է։ Նվագարանը լարում են մետաղե բանալիով։ Յուրաքանչյուր հնչյուն արտաբերվում է եռալար փնջի միջոցով։ Նվագում են նստած վիճակում՝ քանոնը դնելով ծնկներին, ցուցամատերին ամրացվող մատնոցների ու մզրակների միջոցով։ Նվագարանն ունի տեխնիկական ու կատարողական լայն հնարավորություններ, որի շնորհիվ կարելի է նվագել տարբեր ժանրերի ու բարդության ժողովրդական, դասական ու ժամանակակից մեղեդիներ։ Քանոնը մենակատարային եւ անսամբլային նվագարան է։ Քանոնի կատարմամբ յուրահատուկ են հնչում տրեմոլոն, ակորդները, արպեջիոներն ու գլիսանդոն։ Մինչեւ 20-րդ դարի սկիզբը Հայաստանում քանոն առավելապես տղամարդիկ էին նվագում, իսկ մեր ժամանակներում՝ հիմնականում կանայք։ Ժողովրդական վարպետների պատրաստած 19-21-րդ դդ. քանոնների բազմաթիվ օրինակներ են պահվում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային եւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարաններում։
Նվագարանի պատրաստման եւ կատարողական ավանդույթը Հայաստանում աստիճանաբար զարգանալով՝ ժողովրդապրոֆեսիոնալից վերաճել է պրոֆեսիոնալ արվեստի։ Քանոնի դասարաններ կան հանրապետության բոլոր երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Բացի ժողովրդական երգերից ու նվագներից՝ մեր օրերում քանոնի համար հատուկ պիեսներ ու կոնցերտներ են ստեղծում հայ կոմպոզիտորները։ Խորհրդային Հայաստանում քանոնի կատարողական դպրոցի հիմնադիրը կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանն էր։ Նա վերափոխեց ու զարգացրեց քանոնի կառուցվածքային, կատարողական եւ դասավանդման ավանդույթները։ Կոմպոզիտորի եւ նրա սաների շնորհիվ Արեւելյան Հայաստանում ձեւավորված քանոնի կատարողական դպրոցն զգալիորեն տարբերվեց արեւելյան երկրներում տարածված ավանդույթներից։ Ներկայի նվագարանագործ վարպետները (Հակոբ Երիցյան, Շահեն Երիցյան, Ալբերտ Զաքարյան եւ այլք) եւս ստեղծեցին քանոնի նորացված եւ կատարելագործված տարբերակներ, մեծ, միջին եւ փոքր չափերի նվագարաններ։