Դեկտեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի հովանու ներքո բացվեց «Ասեղնագործության և մանրանկարչության զուգահեռներ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին «Շերամիկ» ասեղնագործության դասընթացի մասնակիցների գունագեղ և նուրբ աշխատանքները:
«Մաշտոց» հիմնադրամի թիմի և վարպետ-ուսուցիչների՝ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերի համատեղ ջանքերով կազմակերպված յուրահատուկ այս դասընթացն իրականացվել է արդեն մի քանի տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայում: Այն այսօր ունի երեք մանրանկարչական, մեկ գրաֆիկ դիզայնի և երկու ասեղնագործության խմբակներ, որոնց հետևում են 7-14 տարեկան շուրջ 75 մանուկներ և պատանիներ:
Ասեղնակար և ասեղնանկար այս նմուշները պարզապես ձեռագործ ասեղնագործություններ չեն, այլ ներկայացնում են հայկական մանրանկարչությունն ու զարդարվեստը՝ նկարված ասեղով ու թելով:
Հայկական ասեղնագործությունը, ինչպես մանրանկարչական արվեստը, ձևավորվել և զարգացում է ապրել Հայաստանի և հայաշխարհի զանազան կենտրոններում, որտեղից և շառավիղներ են ստացել ասեղնագործության բազմաթիվ դպրոցները՝ Վանի, Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Կարնո և այլ վայրերի՝ իրենց նրբագեղ կարատեսակներով ու ժանյակներով: Պահպանելով հայկական զարդանախշերի առանձնահատկությունները՝ այս դպրոցներից յուրաքանչյուրը ստեղծել է իր ուրույն ոճը, զարդանախշերի և գույների կայուն համակարգը, որոնք հրաշալի զուգորդումներ են առաջ բերում միջնադարյան հայերեն ձեռագիր մատյանների և զարդանկարչության հետ:
Ներկայացված աշխատանքները արտացոլում էին հայկական զարդանախշերի և ասեղնագործության խորհրդավոր աշխարհը։