Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի հիշատակին: Մեծ է Գ. Գինոսյանի վաստակը հայ ժողովրդական պարերը վերակենդանացնելու, վերամշակելու և իր խոսքերով ասած՝ ժողովրդին վերադարձնելու գործում: Հայրենիքի նվիրյալ զավակի հիշատակին նվիրված գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Գիտաժողովը բացեց և հակիրճ խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը: Այնուհետև ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյանը։ Գագիկ Գինոսյանի ավանդն արժևորեց և ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ, ա. գ. թ. Նաիրա Կիլիկչյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ նաև հայ պարագիտության արդի խնդիրներին:
Այնուհետև լիագումար նիստը, որն ընդգրկում էր տարբեր ուղղվածություն ունեցող զեկուցումներ, վարում էր ՀԱԻ փոխտնօրեն, բ․գ․թ․ Տորք Դալալյանը, ով համառոտ ներկայացրեց նաև գիտաժողովի հղացման գաղափարը: ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության գ/հ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆ․ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Պարը և խնջույքն ըստ միջնադարյան դրոշմազարդ կարասների և տապանաքարային պատկերաքանդակների» զեկույցը: Իր խոսքում Հ. Պետրոսյանն անդրադարձավ նաև Գ. Գինոսյանի՝ մարդ-արվեստագետ-ազատամարտիկ կերպարին: Բ.գ.թ. Նվարդ Վարդանյանը ներկայացրեց «Շրջանի խորհուրդը ժողովրդական խաղերի, հայրենական կլոր պարերի և ծիսերգերի համատեքստում» զեկույցը: Ա.գ.թ., «Կարին»-ի անդամ Անի Հակոբյանի զեկույցը նվիրված էր առանցքային մի խնդրի՝ «Ինքնությունից պար, թե՞ պարից ինքնություն»: Ուշագրավ մեկ այլ նյութ՝ «Եվրոպական պարերը և հայ իրականությունը (18-րդ դար – 1930-ական թթ.)», ներկայացրեց Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը: Գիտաժողովի շրջանակում կայացավ ևս չորս նիստ՝ «Պար և ազգագրական միջավայր» (նիստավար` Սուրեն Հոբոսյան), «Ավանդական պարի բեմականացում» (նիստավար` Նվարդ Վարդանյան), «Գագիկ Գինոսյանը՝ պարագետ և պարակերտիչ» (նիստավար` Հռիփսիմե Պիկիչյան), «Պարը և ծեսը հնագույն պատկերագրության մեջ» (նիստավար` Հասմիկ Գալստյան):
Պարագիտական գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են սեպտեմբերի 28-ին և 29-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցե՝ Չարենցի 15)։