
Բարեկենդանը հայկական ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Սուրբ Հարության տոնով: Տեւողությունը երկու շաբաթ է: Երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքներով, խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ, բազմազան ու համադամ ուտեստով եւ այլն: Լինելով շարժական՝ տոնը տեղի էր ունենում փետրվարին կամ մարտի սկզբին եւ կապվում էր գարնան գալուստի հետ։ Զվարճություններն արթնացող բնությանն ուրախ դիմավորելու խորհուրդն ունեին, ու մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն: Ներկայացումները կառնավալային էին, դիմակավորներով, դերերը`իրական կյանքի եւ իրական անձերի նմանակումներ: Ներկայացումները խմբավորվում են կենցաղային, պատմական, էթնոմշակութային, սիրային եւ արժեքային համակարգը ներկայացնող թեմաների շուրջ:
Բարեկենդանի տոնը մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայկական ամենասիրված տոներից էր, որն ուղեկցվում էր դիմակավորված ներկայացումներով, խաղերով, պարերով: 20-րդ դարի սկզբներին ընդհատված Բարեկենդանը շատ ընդհանրություններ ուներ եվրոպական եւ սլավոնական ժողովուրդների դիմակահանդեսների հետ:
Որպես ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք՝ այս տոնահանդեսը կարող է դրական ազդեցություն ունենալ համայնքների, հասարակության տարբեր խմբերի, անհատների փոխհարաբերությունների, ընկերայնության, սերտացման, հարգանքի ձեւավորման վրա, միաժամանակ նպաստել տոնահանդեսների զարգացումների՝ հայկական միջավայրին պատմականորեն եւ քաղաքակրթորեն հարազատ մշակույթին մոտեցմանը եւ հասարակական զվարճանքի ձեւավորմանը։