Ապրիլի 10-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նշվեց Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդ` գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։
Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր։
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ և այլն։ Ծաղկազարդը նաև եղանակի` գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։