«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը մասնավոր սեփականություն-պետություն համագործակցության լավագույն օրինակններից է:
Ծրագիրը ստեղծվել և գործում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: Այն մեկնարկել է 2017 թվականից: Հիմնական գործառույթը ժողովրդական ստեղծագործության կենսունակության ապահովումն է՝ երիտասարդներին փոխանցելու միջոցով:
Մենք ունենք հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգություն և այդ ժառանգության կրողներ` անհատներ ու խմբեր, որոնց միջոցով հնարավոր է պահպանել այն, նպաստել դրանց արդիական միջավայրում օգտագործմանը, տարածմանը, հանրահռչակմանն ու փոխանցմանը, ներմուծելով այն երեխաների, պատանիների և երիտասարդների առօրյա: Ծրագրի արդյունավետ իրականացման համար, մինչ մեկնարկը ՀՀ մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում, բնակավայրերում կատարվել են դիտանցումներ. արձանագրվել, որ թեև համայնքներում ապրում են ժողովրդական ստեղծագործության կրողներ, այդուամենայնիվ այդ համայնքներում բացակայում է մշակութային առօրյան, դրանց մասին իրազեկումն ու ապագա սերունդներին փոխանցումը: Ահա այս արձանագրության արդյունքում առանձնացված տվյալների հենքով էլ տարբեր համայնքներում հիմնվել են «Արար» կենտրոնները: Ծրագրի գաղափարախոսությունն է ստեղծել հավասար պայմաններ և ազգային մշակութային կրթությունը հասանելի դարձնել սոցիալապես տարբեր շերտերի շահառուների համար: Այստեղ դասընթացներն անվճար են, ինչպես նաև անհրաժեշտ պարագաները և նյութերը:
Այժմ «Արար» կենտրոններ են գործում 8 մարզի 40 համայնքում: Ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ 18 մասնագետ դասավանդում են ավանդական երգ ու պար, գորգագործություն, կարպետագործություն, ժանեկագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, քարի և փայտի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն, մանրանկարչություն։ Դասընթացներում ներգրավված են շուրջ 900 երեխա և պատանի:
Դաընթացները համայնքներում ձևավորվում են ազգային մշակույթի ոչ նյութական ձևերի հանդեպ հարգանքի մթնոլորտ, խթանում նրանց օրինաչափ զարգացմանն ու ընդհանուր մշակութային հարթակի ստեղծմանը: Համայնքաբնակ ժողարվրդական ստեղծագործության կրողներն այսօր արդեն քաջ գիտակցում են, որ իրենց է վստահվում պետության կողմից պաշտպանվող ու պահպանվող ազգային անձեռնմխելի հարստություն հանդիսացող ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման կարևոր գործընթացը:
ժողովրդական արհեստների և արվեստի հմտություններին տիրապետելով ծրագրի սաների ձեռքով պատրաստված փայտե նախշազարդ շերեփների, գդալների, գաթանախշիչների, զարդատուփերի, ասեղնագործ սփռոցների, ծածկոցների, բարձերի, գորգերի, կարպետների, գոտիների, պայուսակների, զարդերի կիրառումը վերադառնում է առօրյա: Նրանց կերտած խաչքարերը տեղադրվում են համայնքների եկեղեցիների բակում և այլ հուշարձանային տարածքներում: «Արար» կենտրոնների բացօդյա վարպետության դասերը համայնքներում ձևավորվում են մշակութային դիմագիծ, խթանում գյուղական զբոսաշրջության զարգացումը:
Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությունը և նորովի վերարտադրման գործընթացում հասարակության մասնակցությունը այսօր նկատելի և առարկայական են այն համայնքներում, որտեղ գործում են «Արար» կենտրոններ: Ծրագրի ազդեցությունը արտացոլվում է նաև գյուղական համայնքների միջև մրցակցության առկայությամբ, թե որ համայնքն է առավել հարուստ ժողովրդական ավանդույթներով և վերջիններիս կիրառման ակտիվությամբ: Սա էլ իր հերթին հանդիսանում է ոչ նյութական մշակույթի համընդհանուր ուսուցման միջոց, ապահովում իմացողից չիմացողին, ավագից կրտսերին տրվող գիտելիքների փոխանցումը և պահպանությունը:
«Արար»-ի շնորհիվ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներդրման, պահպանության և օգտագործման ապահովումը նկատելի է տարբեր ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների, ինչպես նաև համահայկական և միջազգային մրցույթ-փառատոներում շահառուների ցուցաբերած արդյունքների շնորհիվ:
Ծրագրի սաները Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմիցս մասնակցում են տարբեր միջոցառումների և փառատոների, արժանանալով բարձր գնահատանքի և մրցանակների:
Անչափ կարևոր փաստ է նաև «Արար»-ի կատարած աշխատանքի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը:
Ծրագրի իրականացման ընթացքում «Արար»-ի սաների կատարած աշխատանքների մասին ծավալուն կերպով ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական՝ 2021 թվականի թողարկված համարում, որում անդրադարձ է կատարվել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը:
«Արար» ծրագրի փայտի գեղարվեստականմշակման դասընթացների մասինմանրամասն ներկայացվում է նաևՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայիկենտրոնում ներկայացված «Ոչ նյութականմշակութային ժառանգության օրեր» նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառմանշրջանակում:
Ծրագրի մասին պատմող տեսաֆիլմերից 3-ը ներկայացվել էին Բելառուսի «Սոցիալական կինոյի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ»-ում` «Ժառանգություն» անվանակարգում և արժանացել երկու առաջին և մեկ երկրորդ կարգի մրցանակների:
Ծրագրի ընթացքում ապահովվում է նաև ոլորտի լավագուն մասնագետների փորձի փոխանակումը գյուղաբնակ երիտասարդ և սկսնակ մասնագետների հետ: 18 տարին լրացած սաները անցնում են նաև դասավանդման փորձառություն՝ կրտսերների խմբում, որպես վարպետի օգնականներ: Լավագույնների համար իրենց համայնքում ևս ստեղծվում են «Արար» կենտրոններ: Ծրագիրը շահառուների համար հնարավորություն է ստեղծում նաև դասընթացի ավարտից հետո հիմնել իրենց փոքր բիզնեսը՝ ձեռարվեստի ոլորտում:
Մշակույթի համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու լավագույն միջոցը կայուն մոդելի ստեղծումն է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ապահովումը՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով տեղական միջավայրում:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու զարգացումը համայնքներում անհրաժեշտ է իրականացնել լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելով: Այս գործում անհրաժեշտ է կարևորել հատկապես տեղաբնակ կրողների ներգրավումը, որը զգալիորեն հեշտացնում է տվյալ համայնքի ակտիվ մասնակցությունը և ապահովում ծրագրի երկարատևությունը:
Հոդվածում ներկայացված փորձառությամբ հաջողվում է համայնքներում ձևավորել մշակութային ընդհանուր դաշտ՝ նպաստավոր պայմաններ ստեղծվում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության, համայնքների կյանքում դրա տեղի ու դերի կարևորման համար, և յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինքն է սեփական մշակույթի ժառանգորդը, պահապանն ու զարգացնողը:
Նմանատիպ դասընթացների արդյունքում ձեռք բերած հմտությունների և կարողությունների խելամիտ օգտագործումը համայնքաբնակների համար հնարավորություն է ստեղծում բրենդավորել իրենց բնակավայրը, հասնել կայուն զարգացման և կյանքի որակի բարելավման։