Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ, արվեստասեր հանրությանը կներկայացնի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հուլիսի 9-ը:
Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թ. Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթություն է ստացել Բաքվում: Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ է (2012 թ. կազմակերպչական գծով քարտուղար), գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, ինչպես նաև Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ:
Հեղինակ է «Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթան» գրքերի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով:
Լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլուր: Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Իրան, Լեհաստան, Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան):