Ազգատոհմ

azgatohm

Ազգատոհմը ազգի ընդհանուր հիմնադրից սերված, մի քանի սերունդ միավորող, ազգակցական թաղերով բնակվող, տոհմային ընդհանուր սեփականություն ունեցող արյունակիցների խումբն է: Այն տրոհված է երկու բաղկացուցիչների` ձևի և գործառույթի:


Ազգատոհմի ձևերը ևս տրոհվում են երկու բաղադրիչների` գերդաստան և փոքր ընտանիք:
Գերդաստան. ՄAի քանի ամուսնական զույգերից և նրանց երկու, երեք և ավել սերունդներից բաղկացած, մի հարկի տակ համատեղ ապրող բազմանդամ ընտանիք, որն ազգակիցներից բացի ներառում է նաև ոչ արյունակցական կապեր ունեցող անդամների (որդեգիր, տնփեսա, տանու մշակներ և այլն): Ընդհանուր հողային և գույքային սեփականության վրա հիմնված այդ միությունը առանձնանում է կուռ սեռատարիքային կառուցվածքով թե՛ աշխատանքային ողջ գործունեության մեջ, թե՛ ներընտանեկան հարաբերություններում:


Փոքր ընտանիք. բազմանդամ գերդաստանի ստորին օղակ կամ նրանից առանձնացված ինքնուրույն միավոր, որն ունի մասնավոր սեփականություն և անհատական-ընտանեկան աշխատանքի բաժանում:
Գործառույթ. Անկախ ձևից, ընտանիքն ունի կենսապահովման, վերարտադրողական, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանման ու փոխանցման գործառույթներ, որոնք տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Ժառանգական-իրավական գործառույթը ենթադրում է ժառանգական իրավունքների պահպանում և վերահսկում (ընդհանուր և անձնական սեփականություն` շարժական և անշարժ գույք):


Տնտեսական գործառույթը ենթադրում է ներսի և դրսի աշխատանքի սեռա-տարիքային բաժանումը, դաշտամշակության, անասնապահության, այգեգործության և մյուս ճյուղերի հետ կապված աշխտանքների և զբաղմունքների, տնայնագործության կազմակերպումը:


Վերարտադրողական-դաստիարակչական գործառույթը ենթադրում է սերնդաճի ապահովումն ու վերահսկումը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը (աղջիկ-տղա տարբերակմամբ):
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների վերահսկման և կարգավորման գործառույթը ենթադրում է ամուսնական զույգերի ընտրություն, հաս ու չհասի պահպանում (յոթ պորտ), համաձայնություն տալ և ստանալ (գերդաստանի ավագի, տոհմի նահապետի, ծնողների և այլոց), օժիտ պատրաստել և գլխագին որոշել, հարսանիքի կազմակերպում, հասարարակական հացկերույթների կազմակերպումը ամուսնության, մկըրտության, հուղարկավորման և տոների ժամանակ:


Բարոյա-վարքագծային գործառույթները ենթադրում են գերդաստանի և ընտանիքի պատվի խնդիրները, ավագ-կրտսեր, կին-տղամարդ հարաբերությունների կարգավորումը, չխոսկանության և խուսափումների նորմերի պահպանումն ու վերահսկումը:


Հյուրասիրության գործառույթը ենթադրում է հյուրընկալման ավանդական ձևերը (ուտեստ, օթևան և հագուստ տրամադրելը, պատվավոր տեղ հատկացնելը, ոտները լվանալը, ճանապարհ ուղեկցելը և այլն):
Ժամանցի կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին և որոշակի տոներին հասակակից խմբերի սեռա-տարիքային բաժանմամբ հավաքույթներ (օդա կամ սաքու նստելու սովորույթ), որոնք ուղեկցվում են հեքիաթ և ավանդազրույցներ ասելով, նախնիների վարքն ու բարքը հիշելով, աշուղների մրցույթով, երիտասարդների խաղերով, երգով, պարով և այլն:

Comments are closed.