Համայնք

hamaynq-cover

Համայնքը հողային ընդհանուր սեփականության վրա հիմնված և համապարտ երաշխավորությամբ կապված համատեղ բնակվող գերդաստանների և փոքր ընտանիքների տնտեսական ու սոցիալ-հասարակական ինքնամփոփ ինքնակառավարվող միավորումն է: Այն ներկայացնում է հասարակական կառուցվածքի վարչական ստորին օղակը:
Համայնքը բաղադրվում է կառուցվածքի և գործառույթի:

Կառուցվածք: Ներկայացնում է համայնականների և համայնքի ինքնավարման մարմինների ամբողջություն և ունի 6 բաղադրիչներ.

Համայնքի լիիրավ անդամներ. մշտական բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք ունեցող հարկատու գյուղացիներ, որոնք գրանցված են պաշտոնական կամերալ ցուցակներում:

Համայնքի ոչ լիիրավ անդամներ. ժամանակավոր բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք չունեցող և պաշտոնական կամերալ ցուցակներում չընդգրկված գյուղացիներ:

Համայնական ժողով. Համայնքի ինքնակառավարման գլխավոր մարմին, որը լուծում և կարգավորում է համայնական կյանքի հիմնական խնդիրները: Ունի կազմակերպչական, տնտեսական, հարկման, ներընտանեկան միջամտության և այլ իրավասություններ: Համայնական պաշտոնավարներ (ավանդականում` գյուղապետ, գզիր, գանձապահ, ջրաբաշխ, հարկահավաք, դատավորներ և այլք). Համայնական ժողովով ընտրվող գյուղական ինքնակառավարման վարչական մարմին` գյուղապետի ղեկավարությամբ:

Ավագանի. հասարակական կյանքն ու սովորութային իրավունքները վերահսկող համայնական ժողովներում ձայնի գերակշռություն ունեցող, գյուղում հեղինակություն ու հարգանք վայելող ծերունիների խումբ` համայնական կառավարման համակարգի խորհրդակցական մարմին:

Գյուղական դատարան. համայնքի ժողովով ընտրվող, համայնականների միջև սովորութաիրավական հարաբերությունները կարգավորող, վիճահարույց, բարոյաէթիկական և այլ հարցեր քննող և վճիռ կայացնող վարչական մարմին:


Գործառույթ: Ներառում է համայնական կյանքի տնտեսական և հասարակական բնագավառները և տրոհվում է 7 բաղկացուցիչների.

Տնտեսական-շինարարական գործառույթը ենթադրում է հողաբաշխման, հողօգտագործման (վարելահող, արոտավայր, խոտհարք, անտառներ, այգիներ և այլն), ջրաբաշխման (ոռոգման և խմելու ջրերի), երկրագործական և անասնապահական աշխատանքների կազմակերպման (ժամկետները` սկիզբը, ընթացքը և ավարտը, համայնական հովիվ և դաշտերի գիշերային պահակներ վարձելը), ընչազուրկ ընտանիքներին հողաբաժին հատկացնելու, հողը վարձակալության և վարկով տալու, հարկման, ճանապարհների ու կամուրջների կառուցման և կարգավորման, առուների մաքրման, դպրոցի և եկեղեցու վերանորոգման ու շինարարության, աղքատ ընտանիքների բնակարանների վերանորոգման և այլ խնդիրները:

Պաշտպանողական գործառույթը ենթադրում է համայնքի անդորրն ու անվտանգությունն ապահովելու խնդիրները և համայնքի տարածքի պաշտպանական կառույցների շինարարությունն ու վերանորոգումը:
Բարոյա-վարքագծային գործառույթը ենթադրում է ամուսնաընտանեկան հարաբերությունների նորմերի վերահսկումը (ընտանեկան հավատարմության, դաժան վերաբերմունքի, որբի ու այրու ժառանգական իրավունքի պաշտպանություն, կրոնական հավատափոխության խնդիրներ և այլն):

Տոնա-ծիսական գործառույթը ենթադրում է օրացուցային տոների, ուխտագնացությունների ու հասարակական մատաղների, հիշատակի օրերի կազմակերպումը:

Հասարակական ժամանցի և հյուրընկալման գործառույթը ենթադրում է փահլեվան, աշուղ հրավիրելը, շրջիկ դերասանների խմբերին ընդունելը, համայնքի հյուրերի տեղաբաշխումն ու հյուրասիրությունը:

Comments are closed.