Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով՝ ս. թ. ապրիլի
7-ին, Աբովյան 21 շենքի առջև /այդ շենքում ապրել է Բաբկեն Ներսիսյանը/ Երևանում բացվեց նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան։
«Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով: 1960-80-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը… »,-հուշասյան բացմանն ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը:
«Մի դերասան, որը դեռ 19 տարեկանից ապշեցրեց հանդիսատեսին և ապշեցրեց իր գործընկերներին՝ դեռ Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո, իհարկե, նաև Սունդուկյանի անվան թատրոնում: Մենք կարծես քնած էինք, և եկավ մեկը, որը փոթորկի նման մտավ մեր կյանք ու սիրվեց բոլորի կողմից: Ավելի քան վստահ եմ, որ Բաբկեն Ներսիսյանը մեր հզոր, մեծ դերասանների ոսկե շղթայի վերջին օղակն է»,-ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի խոսքն է:
«Երբեք մենակ չեմ տեսել այդ մարդուն: «Հիպոկրատի գլխարկը» ներկայացման ժամանակ երիտասարդ դերասաններով հավաքվում էինք կուլիսներում, որպեսզի վարպետության փորձ ձեռք բերենք՝ տեսնելով, թե ինչ բան է բեմում մկանային ազատությունը: Առանց ավելորդ ջանքերի նա կարողանում էր փոխանցել այն ներքին հույզերը, որն ուներ այդ կերպարը, և ոչ միայն այդ կերպարը…»,-ասաց Արմեն Էլբակյանը՝ խոսքն ավարտելով «Սարոյան եղբայրները» ֆիլմում Բաբկեն Ներսիսյանի կերտած հրաշալի կերպարի հայտնի խոսքով. «Կարող եք ծխել, պարոնա՛յք»:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, հատկանշական է, որ սիրելի դերասանի հուշասյունը բացվում է ապրիլի 7-ին՝ կանանց տոնին, որոնք պաշտում էին նրան: Ներսիսյանի բազմաթիվ դերերից նա առանձնացրեց Սայաթ Նովայի կերպարը համանուն ֆիլմից՝ նշելով.
«Ֆիլմից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները Սայաթ Նովային կերտում էին հենց նրա պատկերով. նա կարողացավ վերակենդանացնել մեծ աշուղին մեր սրտերում ու հոգիներում: Շնորհավորում եմ երևանցիներին, թատերասեր հասարակությանը, բոլորիս, որ ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի սրտում է»:
Հուշասյան բացման հանդիսավոր արարողությանը Ներսիսյանի որդին՝ Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ հոր «կտակին»:
««Կտակը» նա ինձ չէր տվել, ես այն գտա մահից հետո, նրա արխիվում: Կտակը գրել էր ենթատեքստով՝ եթե դա քեզ պետք լինի, դու կգտնես այն: Տասը տող է ընդամենը. «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Եղիր բարի, ճշմարիտ և ազնիվ: Առա՛ջ, նահանջելու տեղ չկա…»:
Տիգրան Ներսիսյանի փոխանցմամբ, Աբովյան 21 հասցեում բացված հուշասյան գաղափարն իրականություն է դարձել մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: