avandakan-bjshkutyun

Ավանդական Բժշկություն

avandakan-bjshkutyun-cover

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում և ծերաբանության հարցերում։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ժողովրդական բժշկությունը առողջության հետ կապված տարբեր մոտեցումներ, գիտելիքներ ու հավատալիքներ, ինչպես նաև բուսական, կենդանական, հանքային ծագում ունեցող դեղորայքային միջոցներ, սպիրիտուալ մանուալ (հոգեկան բժշկության ուղղություն), բուժում և վարժություններ ներառող համալիր է, որն առանձին կամ համակցված ձևով կիրառվում է հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով։

Ժողովրդական բժշկությունն այլ կերպ անվանում են նաև ավանդական, այլընտրանքային, բնական, ոչ օրտոդոքսալ կամ կոմպլեմենտար տերմիններով։ Այն կապված է աշխարհագրական որոշակի տեղանքի հետ և, որպես կանոն, բանավոր ձևով ավանդաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։

«Ավանդական բժշկություն» տերմինը հավաքական է, այն վերաբերում է ինչպես չինական, հնդկական կամ արաբական բժշկությանը, այնպես էլ այլ ժողովուրդների սերնդե սերունդ փոխանցվող բժշկության տարբեր ձևերին։

bnakavayr-cover

Բնակավայր և Բնակարան

bnakavayr

Բնակարանը մարդու գոյության նյութական հիմնական պայմաններից մեկն է, նախատեսված է անբարենպաստ օդերևութաբանական գործոնների (ցուրտ, շոգ, քամի, մթնոլորտային տեղումներ) ազդեցություններից մարդկանց պաշտպանելու, ինչպես նաև հանգստի, աշխատանքային ու կենցաղային կարիքները հոգալու համար։ Բնակարանի տիպերը պայմանավորվում են երկրի արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, սոցիալական հարաբերություններով, ընտանեկան կյանքի ձևերով, մշակութակենցաղային ավանդույթներով և աշխարհագրական միջավայրով։

hagust

Ազգային Հագուստ

hagust-cover

Հայկական ազգային հագուստի (տարազ) մեջ գերակշռում են աշխարհի չորս տարերքների գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը:

Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն,կարմիրը՝ արիություն և մարտի­րոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով:

Տղամարդու հայկական հագուստ

Հագուստը բաղկացած է եղել երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար):

Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը  օգտագործում էին այծի բուրդը:

Կովկասյան հայերի շրջանում ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանանց հայկական հագուստ

Կանանց արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից:

Կանանց հագուստը զարդարվում էր ասեղնագործ գեղազարդերով: Բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանանց զարդարանքը: Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդե սերունդ:

Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարվում էին ավելի թանկարժեք գործվածքից: Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ:

Արևմտյան Հայաստանի կանանց զգեստները ձևով համարյա նույնն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր առկա էր գոգնոցը):

Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները և զարդարանքներից՝ մանյակն ու արծաթե ապարանջանը:

utest-cover

Ուտեստ

utest

Ուտեստը կենսապահովման նյութական մշակույթի կարևոր բաղադրամասերից է, մարդու հիմնական, ամենօրյա կենսական միջոցներից և ազգային մշակույթի առավել ավանդութայնությամբ ու կայունությամբ աչքի ընկնող մշակութային տարրերից է: Կերակուրները, աղցանները, նախուտեստները և աղանդերը, ըմպելիքը կազմել են ուտեստի համակարգը: Սննդի համակարգը բաժանվում է հացամթերքների, կաթնեղեն, մսեղեն, ձկնեղեն ուտեստների, բանջարեղենի, մրգեղենի, որոնց համալրում են քաղցրավենիքը, խմիչքն ու համեմունքները: Ուտեստում դիտարկվում են տարրերի բալանսը, խոհարարական մշակման առանձնահատկությունները, առօրյա, ծիսական և հարգի տեսանկյունները: Ուտեստի համակարգն ունի երկու համալիր`  ա) ավանդական  բ) ժամանակակից  Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է երկու ենթահամալիրներով `  Ավանդական ուտեստ ա) առօրյա.  Առօրյա ուտեստի մեջ տարանջատվում են ուտիս և պաս կերակուրներ: Կարևորվում են առօրյա հացկերույթի և հյուրասիրության վարվելակարգերը, ինչպես նաև մթերքների բուժական նշանակությունը: բ) տոնա-ծիսական:  Տոնա-ծիսական ուտեստում առանձնացվում են օրացուցային, պահքի տոնական համալիրները, կենսափուլերի հետ կապված` հարսանեկան, ծննդյան, կնունքի, անվանակոչության, քառասունքի և այլն /1.2.3.բ/, թաղման, հիշատակի հացկերույթներ` կարևորելով տոնա-ծիսական հացկերույթի վարվելակարգի առանձնահատկությունները: Ծիսական ուտեստում հատուկ տեղ ունեն զոհաբերություններն իրենց տարրատեսակներով  ա)հասարակական,  բ)ընտանեկան, գ)կենդանական,  դ)բուսական և այլն:  Ժամանակակից ուտեստի ենթահամակարգում կարևոր են ավանդական խոհանոցի և օտարամուտ առաջավոր ասիական, կովկասյան, արևմտաեվրոպական, ռուսական կերակրատեսակների փոխհարաբերակցության հարցը: Ուշագրավ է ավանդական խոհանոցի քաղաքային և գյուղական համալիրների, սնման, մթերքների պատրաստման ու պահպանման առանձնահատկությունների պարզաբանումը:  Ժամանակակից տոնական ուտեստում դրսևորվում են կենսափուլերի և տոների հետ կապված հացկերույթների առանձնահատկություններ, ինչպես նաև տոնական, հյուրասիրության, զոհաբերության հացկերույթների վարվելակարգի ինքնատիպ գծեր:  Առօրյա և տոնածիսական ուտեստների ենթահամակարգերում նշանակալից են կառուցվածքի և գործառույթի առանձնահատկությունները:   Առօրյա ուտեստի կառուցվածքում տարբերակվում են բուսական և կենդանական համալիրներ, ընդհուպ մինչև կառուցվածքային պարզագույն միավորները` կերակուրներ, աղցաններ, նախուտեստ, աղանդեր, խմիչք: Կարևոր դերակատարում ունեն սեռա-տարիքային, հմայական (ուտեստի հետ կապված հավատալիքներ, գուշակություններ, ավանդույթներ և սովորույթներ, սահմանափակումներ և արգելքներ), հարգիության (հարուստ, աղքատ), ֆիզիոլոգիա-տեխնոլոգիական (ուտեստի պատրաստման և պահպանության հմտություններ), սեզոնային դերակատարում, ինչպես նաև բուժական, առողջապահական` սնման հմտությունների և սննդաբաժնի առանձնահատկությունների ժողովրդական գիտելիքների դրսևորումներով:  Տոնածիսական ուտեստում կարևոր են սեռա-տարիքային, նշանային, սոցիալական և այլ գործառույթներ: Տոնածիսական ուտեստի կառուցվածքում կարևոր դեր ունեն միայն տվյալ տոնին, ծեսին բնորոշ կերակուրները, աղանդերը, ըմպելիքը, աղցաններն ու նախուտեստը և դրանց պատրաստման (պատրաստող անձը, սեռը, տարիքը, սոցիալ-ընտանեկան կարգավիճակը և այլն), սպասարկման (անձի տարիքը, սեռը, հացկերույթի սեռային տարբերակումը և այլն) վարվելակարգի առանձնահատկությունները: Ուտեստը` որպես մշակույթի տարր, կապված է կյանքի մյուս կողմերի հետ` արտահայտելով մարդկանց փոխհարաբերությունները հասարակության մեջ, նրանց վարքի նորմերը, տվյալ հասարակության համար ընդունված ավանդական վարքագիծը: Առաջին հերթին կարևոր են ուտեստի առօրյա վարքագծային տեսանկյունները. ի՞նչ են ուտում մարդիկ, ինչպես են այն կատարում, ինչպես են նստում, ինչ սպասք և կարասի են գործածում:  Ցանկացած համատեղ հացկերույթ, լինի ընտանեկան համայնական, թե ճանապարհակիցների, կոլեկտիվ կազմակերպված քաղցի հագեցում չի բոլորովին: Այն նաև որոշակի նշանային բովանդակությամբ գործողություն է: Առնվազն հավաքվածները ընդունում և կատարում են տվյալ էթնոսին բնորոշ վարքի նորմեր, այսինքն` պատկանում են մեկ մշակութային ընդհանրության և ցուցաբերում են միմյանց նկատմամբ որոշակի բարյացակամություն: Ընտանեկան հացկերույթի դեպքում կամ կոլեկտիվ հացկերույթի պարագայում ավելանում է նաև դրան մասնակցող յուրաքանչյուր անդամի ընդունումը և հաստատում նրա` տվյալ համայնքին պատկանելու փաստը: Հացկերույթը` որպես գործողություն, ունի ավանդաբար պահպանվող կամ ընդունված սցենար` դերերի որոշակի բաժանմամբ` վարքի ավանդական ձևերով հանդերձ: Այս բոլորը կազմել է հացկերույթի վարվելակերպի և գեղագիտական չափանիշների ամբողջություն: Կապված կրոնական պատկերացումների, հավատալիքների հետ` ուտեստի առօրյա տեսանկյունները համալրվում են ծիսապաշտամունքային բնույթի կանոններով: Շատ ուշագրավ են որոշակի վիճակներում այս կամ այն սննդամթերքի հետ կապված ծիսարգելքները: Հիմնական մթերքների համակցությունը, դրանցից պատրաստված կերակուրների տեսակները, սննդային սահմանափակումները և նախընտրությունները, սննդի պատրաստման և ընդունման հետ կապված վարքի նորմերը ձևավորում են ուտեստի համակարգը` տեղական տարբերակներով:  Առօրյա հացկերույթի վարվելակարգ Առավոտվա և կեսօրվա հացկերույթները կախված էին տարվա եղանակից ամռանը` ինչպես տանը, այնպես էլ դաշտում, ձմռանը` միայն տանը: Բնութագրական էր սնման երեքանգամյա ռեժիմը: Ձմեռային հացկերույթները ավելի ուշ են կատարվել: Պասը որոշակի ժամանակով սննդից հրաժարումն էր, որը կարող էր լինել ամբողջ օրվա ընթացքում, կամ էլ մսեղենից հրաժարումը: Պաս ուտեստը նպատակ ուներ մաքրել մարմինը և հոգին: Վայրի և մշակովի բանջարեղենից կերակուրների օգտագործումն ավելի հաճախակի էր դառնում պասերի ժամանակ, երբ դրանք պատրաստվել են բուսական յուղով: Տարվա մեջ 160 օր պաս են պահել` ուտելով լոբի, ոլոռ, սոխ, սխտոր, վարունգ: Բուժական կերակուրներ, մթերքներ Հայոց մեջ ընդունված էր սննդաբուժումը: Օրգանիզմի վաղաժամ ծերացումը բուժելու նպատակով օգտակար են համարվել հետևյալ սննդամթերքները` ուրց, սոխ, սամիթ, մասուր, թուզ, կենդանիների ուղեղն ու լյարդը: Շաքարախտի բուժման համար` դդումի, նռան, սալորի, սերկևիլի հյութերը, կորեկը և գարին, բանջարեղենից` հազար, եղերդակ, վարունգի, ձմերուկի, սեխի, սամիթի, կարոսի, դանդուռի սերմերը, մթերքներ, որոնք կայուն տեղ ունեն հայոց ուտեստի համակարգում: Ավանդական քաղցրավենիք էր մեղրը, որը կերել են հացի, յուղի, թեյի, մածունի հետ: Լավ բացած մեղրաջուրը գործածել են գլխացավի համար: Ուրցը, դաղձը, սարի թեյը` ղանթափան ու մասուրը գործածվել են թեյի համար, և հուսալի դեղամիջոցներ էին մրսածության ու այլ հիվանդությունների ժամանակ: Շոգ բնակլիմայական պայմանների պատճառով հայկական խոհանոցում մեծ տեղ են ունեցել կծու համեմունքները`պղպեղը, սոխը, սխտորը:  Ուրցը, դաղձը, ծիրանը, վայրի համեմը, սոխուկը, կծուխուրը, չամանը և այլն անփոխարինելի համեմունքներն էին:  Դոշաբով պատրաստել են ախորժելի ըմպելիք` թերմուն (թերմոն): Այն յուրատեսակ խմիչք էր, որ պատրաստել են գինին եփելով, զանազան քաղցրեղեններով` ռուբով (պտղից քամած հյութը եփած, թանձրացրած), մեղրով ու պղպեղով: Թերմոնին վերագրվել է բուժիչ հատկություն, օգտագործել են բաղնիքի ծեսի ժամանակ` լոգանքից հետո (մրսածության դեմ), իսկ տոներին` գործածել են որպես օշարակ: Խաղողն ունի նաև բուժիչ հատկություն և օգտագործվում է սրտի, թոքերի, լյարդի և այլ հիվանդությունների բուժման նպատակով:  Ոգելից խմիչքն օգտագործել են թե’ առօրյա, թե’ տոնածիսական հացկերույթների ժամանակ, ինչպես նաև կիրառել են որպես բուժամիջոց: Հայտնի են նաև փշատի, թթի ամենատարբեր կիրառումները ժողովրդական բժշկության մեջ: Հյուրասիրության վարվելակարգ Հյուրընկալության սովորույթը տվյալ մշակույթը կրողների և տարբեր էթնիկ պատկանելության մարդկանց խմբերի փոխադարձ առնչությունները կարգավորող համակարգն է, ուր կարևոր են հյուրի ընդունումը, ուշադրության նշանները, հյուրի տեղը տանը, սեղանի մոտ: Ըստ ավանդութային իրավունքի նորմերի` հյուրընկալները պարտավոր էին հյուրին դիմավորել, ողջունել, տեղավորել, հանգիստը և ուտեստը ապահովելուց հետո ճանապարհ դնել: Հատկանշական է Հյուրն Աստծունն է ժողովրդական ասացվածքը: Անհատական հյուրընկալման դեպքում տանտերը, ընդունելով մեկ և ավելի այցելու, պարտավորված էր զգում ապահովել սննդով, իսկ նրանց կենդանիներին` կերով: Ավանդական խնջույքի ընթացքում սեղանի շուրջը զբաղեցրած տեղերը և կենացների հաջորդականությունը վերստեղծել է հասարակության աստիճանակարգային կառուցվածքը, որը խնջույքի վերջում դարձել է ազատ: Հատուկ վարքագծային իրավիճակ է ստեղծվում, երբ հացկերույթին մասնակցում են հյուրեր կամ էլ ազգականներ: Հյուրընկալության ավանդական կարգում ընդունված էր հյուրին աղ ու հացով ընդունել, որը երկակի բնույթ ուներ: Այն բարեսրտության և վնասազերծման հետ էր կապվում, քանի որ հացը սուրբ է, աղը` մաքրագործող: Անցյալում հյուրերի համար գյուղերում մեծ տոնակատարությունների ժամանակ թոնրում խորովու են պատրաստել` ոչխարի, գառան ամբողջական մարմնից:  Հարիսան, քուֆթան, կոլոլակը և, առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում` կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը: Հայոց մեջ ընդունված էր խաշը վայելել վաղ առավոտյան` ընկեր-բարեկամով, դրկիցներով: Դա մի հացկերույթ է, երբ բնական խնդիրներից զատ, լուծվում են սոցիալական մերձեցման, հաղորդակցման հարցեր: Ընթրիքի սեղանին դրվել են գինով սափոր և մրգային օղու շիշ: Պանիրն ու հացը` օղու կամ գինու հետ, համարվել են հյուրասիրության կարևոր տարրեր (Պանիր, հաց, սիրտը` բաց: Հաց ու պանիր, կեր ու բանիր): Տոնածիսական ուտեստ. Մեծ հետաքրքրություն են ներկայացնում տոնական և ծիսական նշանակության կերակուրները: Այս համալիրների նշանակությունը կարևոր է նրանով, որ դրանց շարքում պահպանված են արխայիկ գծեր, տարրեր, որոնք դուրս են եկել առօրյա գործածությունից: Երբեմն ծիսական կիրառություն ունեցող կերակուրները աստիճանաբար մոռացվել, դարձել են տոնական, հետո էլ` տեղ գտել առօրյա ուտեստում:  Տոնական ուտեստ. Տոները ուղեկցվել են ծիսական, սրբազան միտվածությամբ հացկերույթներով: Հացկերույթի հիմնական տարրը կերակրատեսակներն էին: Համատեղ սեղանի ծիսակարգի նախնադարյան ծագումը դրսևորվել է հարսանեկան և սգո հացկերույթներում: Ավանդական կենցաղում հարսանեկան և սգո սեղաններին համայնքի բոլոր ընտանիքներից մեկական ներկայացուցիչ, հիմնականում` նահապետը, առանց հրավերի, հավասար իրավունքներով մասնակցել են հացկերույթին, մթերքով օգնել են ծիսական հացկերույթի կազմակերպմանը, ըստ որում, այն տարել են ընտանիքի մեծ տիկնայք` տանտիրուհիները: Տարեկան տոնացույցի հետ կապված ծեսերն ու հացկերույթները նպատակ ունեին ապահովել ժողովրդի գլխավոր տնտեսաձևերի հաջողությունը, իսկ ընտանեկան կենսափուլերի հետ կապված հացկերույթները (ծնունդ, հարսանիք)` ընտանիքի բարգավաճումը: Յուրաքանչյուր տոն ենթադրում է որոշակի տոնական ուտեստ, որոշակի հագուստ: Սրանք տոնի հիմնական բնութագրերից են: Տոնի ժամանակ գործածվող ըմպելիքները, գինին կիրառվել են որպես տոնական տրամադրության խթանիչներ՝ ստեղծելով տոնական մթնոլորտ: Տոները արտահայտել են միասնական իմաստ` դրսևորելով տոնի ատրիբուտներ, նշանային համակարգ և ուղեկցող կոդեր. բուսական (հատիկ սերմ, կանաչեղեն, տերև), կենդանական (ձու, ճարպ, միս), խոհարարական (խմորեղեն, մսեղեն և այլ կերակուրներ):  Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Աշնանից սկսած` տոնի համար պահել են զանազան չորացած և թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Հունվարի 1-ը, ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, որպես պաս օր, կազմված էր պասին թուլատրելի ուտելեղենից (ոսպից, սիսեռից սարքած քյուֆթա, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլմա`սուտ տոլմա):  Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում էին Ամանորի ընթրիքի հիմնական բաղադրիչները: Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած: Ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային. Նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը: Թխում էին տոնի կարևորագույն` Տարի հաց անունով ծիսական հացը: Տոնական հացկերույթի վարվելակարգ Տան ավագ անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների Նոր տարին և առաջարկում բոլորին առաջին բաժակի հետ մեղր համտեսել. □Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք□: Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք` □Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա□ խոսքերով, վստահ, որ նետված այդ կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ընթրիքին հաջորդում էր աղանդերի ճաշակումը: Բարեկամները միմյանց, փեսացուն` հարսնացուին այցելելիս ամեն տեսակ հատիկներից, մրգերից բաղկացած նվերներ է տվել: Դրանց մեջ գլխավորը թարմ խնձորն էր` իբրև սիրո, պտղաբերության նշան: Նախօրոք չորացրած պտուղները` չամիչը, նուշը, շարոցը, պաստեղը. կաղանդի սեղանին յուրահատուկ գույն ու հմայք են հաղորդում: Առանձնահատուկ ուտեստեղենը՝ անուշապուրն ու հարիսան, խմորեղենները՝ տարի հացն ու գաթան, նազուկը, փախլավան համարվում են հայկական սեղանի զարդը: Հայոց տոնացույցի բոլոր տոների հիմնական հատկանիշներից մեկը ընդհանուր հացկերույթն է: Այս իմաստով առավել բնորոշ է Ամանորի ծիսական սեղանը, որը աչքի է ընկել հարուստ տեսականիով: Ամանորի պարտադիր ուտեստներից էին անուշապուրը, հարիսան, պասուց տոլման, մսով տոլման: Նավասարդյան տոներին ընդունված էր քաղցր կերակուր ածիկը` պատրաստված ծլեցրած ցորենի հատիկներից, չամիչից, լոբուց: Նոր տարվա կերակուրներ պատրաստել է տանտիրուհին: Տոնական հացկերույթին մասնակցել են ընտանիքի անդամները, բարեկամները, դրկիցները:  Անուշապուրը պատրաստվել է ցորենի կորկոտից, ծիրանի, սալորի չրից, շաքարավազից, կաթից` վրան դարչին, ընկույզ ցանած: Սովորություն է եղել ծիսական այդ ուտելիքից բաժին հանել հարևաններին և բարեկամներին, որպեսզի նրանց տարին ևս անուշ անցնի:  Նոր տարվա կերակուրներից էր լայն տարածում գտած հարիսան կամ կորկոտը, որի պատրաստումը նշանակել է ապահովել եկող տարվա դաշտավարական տնտեսության առատությունը: Հացահատիկը, դրանից պատրաստվող կերակուրները, ըստ էության, զոհաբերություն էին հողի, ջրի, կրակի ոգիներին և ունեին գուշակության ենթատեքստ: Պահքի ուտելիք Քրիստոնեական տարեմուտին գործածվել են պասուց ուտելիքներ` պասուց տոլմա, լոբի և այլն:  Կենսափուլերի հետ կապված հարսանեկան հացկերույթներ Հարսանիքը նշվել է մեծ հանդիսավորությամբ և հատուկ ծեսերով: Հարսանիքից առաջ նշանդրեքին ոչխար են մորթել և պատրաստել խորոված, խաշլամա, բրնձով, ձավարով փլավ: Պարտադիր ուտեստ էր համարվում հալվան: Նշանդրեքի հալվան սկուտեղի մեջ լցնելուց հետո երեսը հարթեցրել և վրան խաչաձև չամիչով զարդարել են` կենտրոնում մի կտոր շաքար դնելով, որը պետք է ապահովեր բարեկեցիկ կյանքի քաղցր սկզբնավորումը: Հարսանեկան սեղանին ևս պարտադիր էին խորովածը, տոլման, խաշլաման, փլավը և այլն: Հարսանիքի 3-րդ, հետագայում` հաջորդ օրը, տղայի տանը հարսանիքի մասնակիցներին խաշ են հյուրասիրել: Հարսանիքի ժամանակ ամենաընդունված թխվածքը գաթան էր, որը թխել են թե’ տղայի, թե’ աղջկա տանը: Հյուր եկող-գնացող կանայք էլ էին բերում իրենց հետ գաթա: Հարսանեկան սեղանները տղամարդկանց և կանանց համար առանձին են եղել: Հարսանեկան հացկերույթը երկակի բնույթ ուներ. թե’ սեռային (կանայք և տղամարդիկ առանձին են նստել), թե’ տարիքային (ամուսնական զույգը նստել է երիտասարդների հետ` տարեցներից առանձին) և սոցիալ-դերային առումներով (տղամարդկանց սեղանը գլխավորել է քավորը կամ քահանան, կանանցը` կնքամայրը): Խորովածը պատրաստել են տղամարդիկ, եփած միսը` տոլման, խաշլաման, հավը` կանայք: Հարսանեկան ծիսակարգում համատեղ սեղանի բնորոշ արտահայտությունը` որպես հատուկ մտերմության, համաձայնության, միավորման միտում, երևում է այն սովորույթի մեջ, որ ամուսնական առագաստի մոտ դրվել են քաղցրեղեն-խմորեղեն, մրգեր, մեղր ու գինի: Փեսացուն հրամցրել է հարսնացուին, և վերջինիս կողմից այն ընդունելը նշանակել է ամուսնական կապի համաձայնություն: Համայնքի համաձայնությունը դրսևորվել է հարսանեկան շքերթի ճանապարհին` ընտանիքների կողմից մերձավոր բարեկամների, քավորի` սեղան (ուտելիք և գինի), դուրս բերելու և հարսանքավորներին հյուրասիրելու ծիսական արարողության միջոցով: Հարսանեկան հացկերույթը սկսվել է հարսնացուի հոր տանը և շարունակվել փեսացուի ծնողների տանը: Նվիրատվությունը հարսանիքի կարևոր և հնագույն տարրերից է: Հարսանեկան նվերների մեջ հագուստի, զարդերի հետ կարևոր տեղ ունեին խմիչքը, քաղցրեղենը, մրգերը: Հացը ծառայել է որպես հարսանիքների հրավերքի միջոց:  Ծնունդ -կնունք, Ծիսական ուտեստ. Ժողովրդական պատկերացմամբ հացը կռվան է եղել չարի դեմ: Նորածին երեխային առաջին անգամ դուրս բերելիս` կրծքին հաց են դրել: Ցորենից և ալյուրից պատրաստված հնագույն կերակուրներից են փոխինձը, խաշիլը, խավիծը: Աղանձը`բոված, խոշոր աղացած ցորենի հատիկներից, խառնել են կանեփի սերմի հետ` օգտագործելով որպես աղանդեր:  Երբ երեխան ծաղիկ հիվանդությունից հետո լավանում էր, անցյալում մատաղ էին անում հացով (չալաքի)` այն բաժանելով հարևաններին և աղքատներին: Դա առանց աղի ու թթխմորի հաց էր, որը գործածվել է տոների և ծիսակատարությունների ժամանակ: Օրինակ` նշխարը կլոր, փոքրիկ հացիկ է`Քրիստոսի խաչելության պատկերով: Սրբազան անձի` քահանայի կողմից օրհնած բարակ լավաշը, որը մաս էր կոչվում, ևս անալի էր և առանց թթխմորի: Աղի բաղարջով կամ բլիթով հայոց մեջ ս. Սարգսի տոնին գուշակություններ են արվել: Դրանք շատ աղով և ալյուրով թխված բոլորակ աղաբլիթներ էին, որոնք ս. Սարգսի պասի շաբաթվա ուրբաթ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները ծոմ պահելուց հետո և քնելուց առաջ կերել են ու առանց ջուր խմելու քնել, որպեսզի երազում տեսնեն, թե ով է իրենց ջուր տալու, ըստ այդմ էլ` գուշակել ապագա ամուսնու ով լինելը:  Կնունքի (մկրտության) ծիսական հացկերույթը հայոց մեջ կազմակերպվել է երեխայի ծննդյան 6-7-րդ օրերին` կեսօրից հետո: Տղամարդիկ պատրաստել են խորոված, ինչը խոսում է հացկերույթի աշխարհիկ բնույթի մասին` նման հարսանեկանին: Տանտիրուհին պատրաստել է տոլմա, խաշլամա, փլավ, ձուկ, լոբի , կոլոլակ, եփած լոբի: Հացկերույթը գլխավորել են քավորը և քահանան:  Ծիսական նշանակություն ուներ շեքելեքի հացը: Երբ երեխան ուշ է քայլել, մայրը եփել է յուղով կլոր հաց կամ գաթա` նրա քայլելուն նպաստելու ակնկալիքով: Հացի մեջտեղը բոլորակ հանել են, երեխայի ոտքերը անցկացրել հացի մեջ և ձեռքից բռնած` կանգնեցրել գետնին: Երեխաներից մի քանիսը մոտեցել և հափշտակել են հացը: Մայրը ցույց է տվել փախչող երեխաներին, որպեսզի երեխան հասներ նրանց և ետ վերցներ հացը: Ավանդական կենցաղում հավատացած էին, որ երեխան շուտով կսկսի անվարան քայլել: Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններում երեխայի առաջին ատամ հանելիս ակռահատիկ անելը, նորապսակների վրա հատիկ շաղ տալը, դրանով գուշակություններ անելը, կապված են եղել ծլարձակման, պտղա□բերության գաղափարի հետ, որի գլխավոր միտումը եղել է առատություն և բարեկեցություն ապահովելը: Թաղման և սգո հացկերույթ Սգո հացկերույթը կատարվել է կեսօրից հետո, որը սովորաբար պատրաստել են տանտիրուհու բարեկամուհիները: Այդ սեղանի ճաշացանկում հիմնականում գերակշռում էր եփած միսը` խաշլաման, հավը և այլն: Սգո հացկերույթը կապված էր սրբազան ոլորտի հետ, որի դեպքում միսը միայն եփել են, իսկ աշխարհիկի դեպքում` խորովել, տապակել: Առանց թթխմորի և աղի թխված բաղարջը բաժանել են իբրև հոգու հաց: Սգո ծիսական հացկերույթի հիմնական գաղափարը զոհի միսը համատեղ ճաշակելու միջոցով մահը հաղթահարելու, վերածնունդը կյանքի կոչելու հնամենի մտայնությունն է: Սգո սեղանին մասնակցել են միայն տղամարդիկ, կամ սկզբում` տղամարդիկ, հետո` կանայք: Տանտիրուհուն արգելված էր մասնակցել կերակուրի պատրաստմանը: Մի կողմից` նա ծիսականորեն անմաքուր է համարվել, մյուս կողմից` գործել է կնոջը բարոյա-հոգեբանորեն պաշտպանելու, աջակցելու սովորույթը: Մահվան սիմվոլիկայի հետ կապված` երեխաները չեն մասնակցել սգո սեղանին, որպեսզի չենթարկվեն մահվան, չարի վնասաբեր ազդեցությանը: Հացկերույթի մասնակիցների արական կազմը կամ նրա գերակայությունը բացատրվում է մահը հաղթահարելու միտվածությամբ:  Զոհաբերություններ Ծիսական համակարգում մեծ տեղ է տրվել զոհաբերության սովորույթին: Այն ծիսական հացկերույթի կարևոր բաղադրիչներից է: Մատաղը լինում էր հասարակական և ընտանեկան: Թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական մատաղներն իրենց հերթին դիտարկվել են օրացուցային և դիպվածային կտրվածքներով:  Օրացուցային մատաղ. Հասարակական զոհաբերությունը կատարվել է ժողովրդական տոներին (Զատկի, Վարդավառի, Համբարձման, ս. Խաչի և այլն) և կապվել է տոնի առասպելածիսական բովանդակության և կենսապահովման ոլորտում հաջողություն ապահովելու մտադրության հետ: Մատաղ արվել է սրբատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Ուխտավայրում կամ բնակավայրում տեղի ունեցող մատաղի ծեսը ընդհանուր զոհաբերության սեղան է: Հասարակական, ընդհանուր մատաղի ծեսը նախապատրաստելու, զոհը մորթելու և մորթողի, զոհի միսը եփելու և բոլորին հավասար բաժանելու կամ եկեղեցու բակում բացած ընդհանուր սեղանի միջոցով արտահայտել է ծեսի հիմնական գաղափարը:  Մատաղ-զոհ ծեսն իր մեջ պարունակում է համատեղ ուտելու գաղափարի բոլոր առանձնահատկությունները, սակայն առանձնապես ընդգծվում է համայնքի բոլոր անդամների` հավասար իրավունքներով զոհը ճաշակելու, համատեղ ուտելու միջոցով վերերկրային ուժերի հետ հաղորդակցվելու գաղափարը: Աստծուն առաքված զոհն ընդունելի է դառնում մարդու կողմից այն ճաշակելու միջոցով: Մատաղի մսից հրաժարվել չէր կարելի, և վերցնելիս ասել են. □Ընդունելի լինի□:  Դիպվածային մատաղ. Դիպվածային մատաղը կարող էր լինել`  ա) կանխարգելող մատաղ, որն արվել է նախապես` հաջողության, անվտանգության ակնկալիքով,  բ) շնորհակալական` փորձանքից, դժբախտությունից ազատվելուց հետո կամ փափագած նպատակին հասնելուց հետո:  Ընտանեկան, անձնական մատաղը, փաստորեն, արվել է ամենատարբեր մղումներով և նպատակներով.  ա) երազների հետ կապված,  բ) հիվանդությունը կանխարգելող կամ բուժող,  ա) երազանքի, ցանկության իրագործումն ապահովող կամ կատարելուց հետո` որպես երախտագիտության մատուցում:  Զոհաբերվում էր ինչպես անասուն, թռչուն (պարտադիր` արու), այնպես էլ հատիկ, դրանից պատրաստած հարիսա, կաթնապուր, հաց և ձեռագործ աշխատանք, ինչպես նաև` դրամ: Մատաղը կարևոր սոցիալական իմաստ է ունեցել, որը կատարվել է օրացուցային տոների ժամանակ և դրանով իսկ յուրատեսակ կապող օղակ է հանդիսացել բնական ու սոցիալական սկզբներին առնչվող հացկերույթների միջև: Զոհաբերություն-մատաղի սովորույթի մեջ գերակշռել է սրբազան, ծիսական տարրը:  Ցասման խաչերին կարկուտի, երաշտի ժամանակ հաց ու մատաղացու են զոհաբերել, որպեսզի աստված ներեր մարդկանց հանցանքները ու ետ առներ իր ցասումը: Միսն օգտագործվել է որպես զոհաբերություն-մատաղ (զոհաբերել են միայն արու կենդանիներին` ոչխար, գառ, աքլոր): Ժամանակակից ուտեստ Ավանդական խոհանոցում առանձնահատուկ տեղ են գրավում հացահատիկային մթերքներից պատրաստված կերակրատեսակները և թխվածքները: Առօրյա, ինչպես և տոնածիսական ուտեստում հացահատիկային մթերքները գործածվում են առանձին և այլ մթերքների հետ: Մեր օրերում ցորենից պատրաստած կերակուրների թիվը մեծացել է` շնորհիվ նոր մթերքների, մակարոնների տեսակների: Այսօր մսեղեն կերակուրները մեծ պահանջարկ ունեն ուտեստի համակարգում և առավել հարգի է: Վերջին շրջանում հայերը հաճախ են հացը գնում խանութից, թեև հատկապես տոներին նախընտրում են տնական հացը:  Օտարամուտ կերակուրներ Սնունդը մեր օրերում դարձել է ավելի հարուստ, առատ: Նախկինում տոնական համարում ունեցող կերակուրները այսօր դարձել են առօրյա, ամենօրյա: Ուտեստի համակարգում հայտնվել են նոր կերակուրներ` կարտոֆիլի պյուրե, կոտլետ, պելմենի, բորշ, բլինչիկ, մսով կարկանդակ, չեբուրեկի և այլն: Մսեղեն ուտեստի տարածմամբ կրճատվել է կաթնեղենի ու հացահատիկային մթերքների կիրառությունը:  Ժամանակակից հյուրասիրության  վարվելակարգ Հյուրին գերադասում են հյուրասիրել մսեղեն ուտեստներով` խորոված, խաշլամա, տոլմա, քաբաբ, կոտլետ, քուֆթա և այլն:  Սուրճը հայերին հայտնի էր դեռևս 19-րդ դարի վերջերից: Հայաստանում այն տարածվեց 1950-60-ական թվականները, սկզբում` Երևանում, հետո` մյուս քաղաքներում և գյուղական վայրերում` 1970-80-ական թվականներին: Այսօր ավանդական հյուրասիրության փոխարեն (հաց, պանիր, կանաչի, մածուն, մեղր) հյուրին մեծ մասամբ հրամցնում են մի գավաթ սև սուրճ: Սննդակարգի առանձնահատկություններ,  սնման հմտություններ Ուտեստի առանձնահատկություններ,սննդի պատրաստման ժողովրդական հմտություններ: Հայկական ավանդական ուտեստը տարբերվում էր զանազան համեմունքների առատ կիրառությամբ, բացի ամենատարբեր տեսակի կանաչեղենից, կիրառվում են սև և կարմիր պղպեղը, սխտորը, մեխակը, դարչինը: Մյուս առանձնահատկությունը աղի առատ գործածությունն է, որը հնից համարվել է ուտեստի կարևոր տարր: Հայերը աղի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ունեցել: Աղ ու հացը հյուրասիրության հատուկ հարգանքի նշան էր: Որպես համեմունք` օգտագործվել են չիրը, թթու լավաշը և գինու քացախը:  Հայերին բնորոշ էր երեքանգամյա սննդի ռեժիմը: Ընդ որում, առավոտյան նախաճաշն ամենաթեթևն էր: Առավոտվա և կեսօրվա հացկերույթները կախված էին տարվա եղանակից` ամռանը կերել են և’ տանը, և’ դաշտում, ձմռանը` տանը:  Երեկոյան ընթրիքը միշտ տանն է եղել, թեև ուտեստի կազմը կախված էր բնակլիմայական պայմաններից, ամռանը` գերակշռել են կաթնա-հացամթերքային, բանջարենեղային կերակուրները, ձմռանը` հատիկայինն ու մսեղենը: Կարևոր են նաև գործածված ամանեղենի, հացկերույթի սեղանի և սպասարկման առանձնահատկությունները: