Բարբառ

Բարբառները. – Հայերենը հարուստ է միմյանցից բավական տարբերակված բարբառներով: Այդ տարբերությունները որոշ դեպքերում, հատկապես արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև, այնպիսի չափերի են հասնում, որ տվյալ բարբառների կրողները միմյանց հաճախ չեն հասկանում:

Հայերենը, ինչպես ամեն մի լեզու, իր կազմավորման շրջանից ի վեր միատարր չի եղել: Նրանով խոսող ժողովրդի երկիրը` Հայկական Լեռնաշխարհը, իր աշխարհագրական մասնատվածությամբ, բնականաբար, ստեղծում է բնակիչների տնտեսական, մշակութային որոշ տեղայնացած մեկուսացում: Դրա հետևանքով հայոց լեզվում նույնպես աստիճանաբար առաջանում է տարածքային տարբերակվածություն` բարբառային տրոհվածություն, որին նպաստում են նաև հարևան ժողովուրդների լեզուներից կատարվող տարաբնույթ փոխառությունները: Հայերեն բարբառները միմյանց հետ փոխշփումների միջոցով նույնպես, կորցնելով հին հատկանիշներ, ձեռք են բերում նորերը: Այսինքն` բարբառային միավորների առաջացման ու կորստի պատմական գործընթացը հայոց լեզվին ուղեկցում է մշտապես:

Հայոց լեզվի բարբառային երևույթների, ինչպես վերը նշվեց, հանդիպում ենք 5-րդ դարի հեղինակների գրաբարով գրված երկերում: Բայց կոնկրետ բարբառների մասին հիշատակումներ գտնում ենք 8-րդ դարի առաջին կեսի հեղինակ Ստեփանոս Սյունեցու աշխատությունում: Նա զանազանում է կենտրոնական և եզրային բարբառներ: Կենտրոնականները, հավանաբար հանրահայտ համարելով, չի ներկայացնում և թվարկում է միայն եզրայինները` Կորճայքի, Տայքի, Խութի, Չորրոդ Հայքի, Սպերքի, Սյունիքի, Արցախի: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը արդի հայերեն բարբառների պատմական բազմահատկանիշ քննությամբ վերականգնում է 5-րդ դարի հայերենի տարածքային տարբերակները` արևմտյան (բյուզանդահայ), հարավ-արևմտյան (Կիլիկիայի), ծայր հարավ-արևմտյան (Անտիոքի), հարավ-կենտրոնական, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան բարբառներ, որոնք ունեցել են բազմաթիվ ենթաբարբառներ:

Արդի հայերեն բարբառների դասակարգման մի քանի սկզբունքներ են առաջարկվել: Առավել հայտնի է 20-րդ դարի սկզբներին ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կատարած հայերեն բարբառների առաջին ձևաբանական դասկարգումումը` ըստ բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմության ձևի: Նա առանձնացնում է ՈՒՄ, ԵԼ, ԿԸ ճյուղեր: ՈւՄ ճյուղի (ասում եմ) մեջ մտնում են արևելյան բարբառների մեծ մասը և, իհարկե, գրական արևելահայերենը, ԵԼ, որ հետագայում կոչվեց նաև ԼԻՍ, ճյուղին են պատկանում (ասել(իս) իմ) արևելյան խմբակցության մի քանի միավորներ, իսկ ԿԸ ճյուղը (կասեմ) ընդգրկում է գրեթե ողջ արևմտյան խմբակցությունը, ինչպես նաև` գրական արևմտահայերենը: Ո՛չ ձևաբանական, ո՛չ հնչյունական մի քանի հատկանիշներով` թեկուզ միասնական գործադրման սկզբունքով դասկարգումը, ինչպես հետագա հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, չի կարող ներառել հայերեն բարբառների ողջ բազմազանությունները:

1970-ական թվականների կեսերին ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը, առանձնացնելով հայերեն բարբառների 100 տարբերիչ հատկանիշներ, հայերենագիտության մեջ հիմնեց բարբառների բազմահատկանիշ, վիճակագրական դասակարգման նոր մեթոդ, որով հստակեցվեցին բարբառախմբերի, բարբառների և խոսվածքների առանձնացման չափորոշիչները: Բազմահատկանիշ դասակարգմամբ հայերենի բարբառային միավորները նախ բաժանվում են երկու ճյուղերի` արևմտյան և արևելյան խմբակցություններ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի բարբառային խմբերից: Արևմտյան բարբառախմբերն են` Անտիոքի, Կիլիկիայի, Փոքր Ասիայի, Համշենի, Առդեալի, Մուշ-Տիգրանակերտի, Վանի, իսկ արևելյանները` Խոյ-Մարաղայի, Արարատյան, Ղարաբաղ-Շամախիի, Ագուլիս-Մեղրիի: Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին բարբառների, վերջիններս էլ` խոսվածքների, ապա` ենթախոսվածքների: Այսպիսով` հայերեն բարբառները, 20-րդ դարասկզբի դրությամբ, կարելի է բաժանել 2 ճյուղի, 11 բարբառախմբերի, 44 բարբառների, 120 խոսվածքների, իսկ վերջիններիս մեջ մտնող ենթախոսվածքները հաշվարկված չեն: Ի դեպ, հարկ է նշել, որ արևմտյան խմբակցության բարբառային միավորների մեծ մասը ներկայացված է 1915 թ. ստատիկ լեզվավիճակով, քանի որ դրանք գրի են առվել Մեծ եղեռնից մազապուրծ փախած գաղթականների միջոցով:

Գրական լեզուներով զանգվածային ուսուցման և հրապարակումների արդի պայմաններում հայերեն բարբառները դատապարտված են աստիճանական մահացման: Դա բնական և անշրջելի գործընթաց է: Սփյուռքում հայտնված բարբառները, կտրված լինելով սնուցող միջավայրից, ավելի արագ են կորչում: Ցավալին այն է, որ մեր բարբառները ամբողջությամբ հավաքված և ուսումնասիրված չեն: Մինչդեռ դրանցում անթեղված են ոչ միայն հայերենի ծագման ու զարգացման, այլև հայ ժողովրդի պատմական ուղու կնճռոտ հարցերի բացահայտմանը նպաստող մասունքներ: Հայերեն բարբառներն այնքան հարուստ ու պատկերավոր միջոցներ ունեն, որ դրանցով հայ մեծատաղանդ գրողներ Սայաթ-Նովան (Թիֆլիսի բարբառ), Խաչատուր Աբովյանը (Երևանի), Հակոբ Պարոնյանը (Պոլսի), Գաբրիել Սունդուկյանը (Թիֆլիսի) հայ գրականության գլուխգործոցներ են ստեղծել:

Ժաննա Միքայելյան,
ԳԱԱ լեզվի ինստիտուտ