«Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ»

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՐ

Ժողովրդական եւ եկեղեցական տոն

Տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում։
Զատիկը շարժական տոն է եւ նշվում է գարնանային օրահավասարին՝ մարտի 22-ին հաջորդող լուսնի լրման հաջորդ կիրակի օրը, այսինքն, մարտի 22-ից հետո 35 օրվա ընթացքում ընկնող կիրակին:

Ավանդական մշակույթում Զատիկն ընկալվել է որպես ձմռան «մեռյալությանը» հաջորդող բնության գարնանային «հարություն», կյանքի ամենամյա սկիզբ եւ կյանքի շարունակականության հաստատումը խորհրդանշող տոն: Քրիստոնեական տոնացույցը բնության հարության այդ տոնին է հարմարեցրել Քրիստոսի Հարության տոնը: Տոնահանդեսն իրենից ներկայացնում է ժողովրդական եւ քրիստոնեական պաշտոնական Հարության տոնի, ժողովրդական ե եկեղեցական ծեսերի եւ արարողությունների ամբողջություն:
Զատիկին նախորդող շաբաթվա բոլոր օրերը տոնական էին, իսկ շաբաթ օրը խորհրդանշվում էր նորոգվող կյանքի հայկական բանահյուսական «կարմիր-կանաչ» բանաձեւով՝ «Զատկի շաբաթ, կարմիր հավկիթ, արեւ, կանաչ են սար ու ձորեր»:

«Կարմիր հավկիթը»՝ կարմիր ներկված ձուն տոնի ժողովրդական եւ քրիստոնեական պաշտոնական խորհրդի՝ մահվանը հաջորդող հարության խորհրդանիշն է եւ լայնորեն ներառված է ժողովրդական ծեսերում: Զատկական տոնահանդեսն իր բնույթով համապատասխանում էր բնության, այդ թվում՝ մարդկային կյանքի հարության իմաստին: Հողն արթնացել էր իր կենսունակության բարձրակետում, եւ կոտոշները կարմիր ներկած եզները տղամարդիկ դաշտ էին տանում՝ «պտտելու ձյունի հետ ունեցած կենակցությունից ծոցվոր դարձած (հղիացած) հողի վրա»: 14-րդ դարի հայ աստվածաբան Սուրբ Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին եւ սպիտակուցը՝ ջրին: Դեղինն էլ երկիրն է», իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր «փրկությունը»: Այս շատ կարեւոր հաստատումը վկայում է, որ 14-րդ դարում հայերի մեջ երկիրն ընկալվել է ոչ թե որպես առանձին միավոր, այլ որպես «աշխարհի»՝ տիեզերական միասնության մաս, իսկ հայկական մշակույթը՝ որպես երկրային ընդհանուր մշակույթի մաս:

Զատկական բոլոր ծեսերն ու արարողությունները համայնքային էին, զոհաբերություններն ուղղված էին համայնքի ընդհանուր բարեկեցությանը, կատարվում էին համայնքի բոլոր անդամների հանգանակությամբ եւ մասնակցությամբ: Երգերի, մաղթանքների մեծագույն բաժինն, անշուշտ, անձրեւինն էր, ցորենինը, հացինը: Զատկական խնջույքները սովորաբար դաշտերում էին, մեծ խմբերով, եւ ուղեկցվում էին ձվախաղերով, սպորտային մրցախաղերով, խմբային երգ ու պարով: Համընդհանուր ուրախ մասնակցայնությունը եւ հուզականությունը ժողովրդական երգային-երաժշտական նորանոր գոհարներ էին ծնում, հնարվում էին ձվի նախշազարդման եւ զարդարման նորանոր գեղագիտական ձեւեր (Հ. Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երեւան, 2005, էջ 135-159):

ԽՍՀՄ փլուզումից հետո Զատիկի տոնահանդեսն զգալիորեն վերածնվել եւ ակտիվացել է: Ներկայում կենսունակ է եւ նշվում է հիմնականում ընտանիքներում, բայց որոշ մարզերում շարունակվում է ընտանեկան եւ համայնքային ուխտագնացություններով: Զատիկն այժմ ունի տոնական ուտեստի կայուն բաղադրիչներ՝ պինդ եփած կարմիր ձվեր, ձուկ, փլավ, քաշովի, զանազան թարմ ու տապակած կանաչեղեն, գաթա: Առաջացել են ձվախաղերի, ձու ներկելու, նախշելու եւ զարդարելու նոր ձեւեր, որի պահանջարկին հաճույքով արձագանքում է նաեւ բիզնես ոլորտը: Ավելացել է Զատկին եկեղեցի այցելողների թիվը: Շատերն, անշուշտ, գնում են Քրիստոսի Հարության խորհրդին մասնակցելու, բայց քիչ չեն նաեւ այդ օրը եկեղեցի ձու տանողների, ձվի օրհնություն ստանալու եւ օրհնված ձվերով Զատիկը նշելու ցանկություն ունեցողները: Ոմանք իրենց հետ եկեղեցի օրհնության են տանում նաեւ տանը նախապես ծլեցրած ցորեն: Վերադառնում է Զատիկին «ածիկ» սարքելու եւ ուտելու ավանդական սովորույթը: «Ածիկի» խորհուրդ ցորենի առաջին ծիլը, այսինքն` հարության առաջին առարկայական վկայությունն ուտելով` բնության հարության հետ հաղորդակցվելու երեւույթն է:

Ավանդական «ածիկ» ուտելիքը պատրաստվում է խոնավ միջավայրում հատուկ ծլեցրած ցորենի կարմիր ծիլերից` չթողնելով, որ այդ ծիլերը կանաչեն: Համատարած է դառնում տունը, բնակարանը զատկական խորհրդանիշերով զարդարելու երեւույթը: Հայաստանի մարզերում կան Զատիկ տոնելու տեղական առանձնահատկություններ: Ներկայումս զարգանում է տոնի բաղադրիչների բիզնես առաջարկ՝ թե ծառայությունների, թե ապրանքների ձեւով: Տոնի հասարակական նշանակությունը հոգեւոր եւ մշակութային արժեքների եւ գեղագիտական ընկալումների զարգացումն է, հասարակության մշակութային ընդհանրության եւ հուզականության ձեւավորումը, մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին, աշխարհիկ եւ կրոնական լավագույն արժեքների միաձուլումը, ընտանեկան ջերմության կարեւորումը, մարդ-շրջակա սոցիալական եւ բնական միջավայր կապի մշտնջենականության վերահաստատումը:

Comments are closed.