Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագիրը Լիբանանում

Ապրիլի 5-16-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով, ի դեմս համալսարանի նախագահ վերապատվելի դոկտ. Հայդոսթյանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտ. Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցներում իրականացրեց  հայկական գորգերին ու կարպետներին առնչվող կրթական ծրագիր: Այս օրերին թանգարանի մենեջմենթի գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և գորգագործուհի Աննա Մանուկյանը Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի  տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի ղեկավարությամբ  ծրագիրն իրականացրեցին Բեյրութի և Անջարի 14 կրթօջախում (Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան, Րաուտայի Մխիթարյան վարժարան, Հայ ավետարանական Շամլեան-Թաթիկեան երկրորդական վարժարան, Ազգային միացյալ վարժարան, հայ կաթողիկէ Մեսրոպյան բարձրագույն վարժարան, Ազգային Հառաջ-Գալուստ Գյուլպենկյան երկրորդական վարժարան/Անջար/, Անջարի հայ ավետարանական երկրորդական վարժարան, Սրբոց Հռիփսիմեանց վարժարան, Ս. Խաչ-Հարպոյեան Բարձրագույն Վարժարան, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարան, Վահան Թեքեյան վարժարան, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմեան, Սահակյան-Լ. Մկրտչյան քոլեջ, Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ):

Կարևորելով գորգարվեստի յուրահատուկ դերը մեր էթնիկ մշակույթի համակարգում՝ Թանգարանն առաջարկել է կրթական ծրագիր, որն առնչվում է հայկական գորգերին ու կարպետներին: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ բացահայտում են գորգագործական մշակույթի գաղտնիքները, գորգի գունային ու զարդանախշային հորինվածքը, ապա հմուտ մասնագետի օգնությամբ փորձում  աշխատել սանդերքով, ճախարակով ու իլիկով՝  ծանոթանալով բրդից թել ստանալու գործընթացին: Այնուհետև նախշազարդում են գորգանախշ ներկայացնող փայտե նմուշակները:

Վերոնշյալ ծրագիրը միտված է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում կրթելու ազգային ինքնությունը ճանաչող և վերարժևորող սերունդ:

Այցի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել  Համալսարանի նախագահ վերապատվելի Հայդոսթյանի հետ, ընդգծվել այցի արդյունավետությունը և համագործակցության շարունակականութան անհրաժեշտությունը: Հանդիպումներ  են տեղի ունեցել նաև Անջարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի,  Մուսա Լեռ թանգարանի և Անջարի պատկերասրահի պատասխանատուների հետ, ինչպես նաև Զմմառու վանքի թանգարանի պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առաքելությունն ու գործունեությունը,  նորովի մեկնարկած ծրագրերը, քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Հատկապես հիմա՝ երկրում տիրող բարդ ժամանակներում, Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդման և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում ևս  ազգային ինքնության կարևորագույն գաղափարներն ամրապնդելու ու հանրահռչակելու նպատակով կարևոր ենք համարում Թանգարանի համագործակցությունը մշակութային կենտրոնների, կրթական հաստատությունների  հետ:

Հայկազյան համալսարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համատեղ ծրագրերը Սփյուռքի այս կարևոր օջախում կրելու են շարունակական բնույթ:

Comments are closed.