hamaynq

Community

hamaynq-cover

Համայնքը հողային ընդհանուր սեփականության վրա հիմնված և համապարտ երաշխավորությամբ կապված համատեղ բնակվող գերդաստանների և փոքր ընտանիքների տնտեսական ու սոցիալ-հասարակական ինքնամփոփ ինքնակառավարվող միավորումն է: Այն ներկայացնում է հասարակական կառուցվածքի վարչական ստորին օղակը:
Համայնքը բաղադրվում է կառուցվածքի և գործառույթի:

Կառուցվածք: Ներկայացնում է համայնականների և համայնքի ինքնավարման մարմինների ամբողջություն և ունի 6 բաղադրիչներ.

Համայնքի լիիրավ անդամներ. մշտական բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք ունեցող հարկատու գյուղացիներ, որոնք գրանցված են պաշտոնական կամերալ ցուցակներում:

Համայնքի ոչ լիիրավ անդամներ. ժամանակավոր բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք չունեցող և պաշտոնական կամերալ ցուցակներում չընդգրկված գյուղացիներ:

Համայնական ժողով. Համայնքի ինքնակառավարման գլխավոր մարմին, որը լուծում և կարգավորում է համայնական կյանքի հիմնական խնդիրները: Ունի կազմակերպչական, տնտեսական, հարկման, ներընտանեկան միջամտության և այլ իրավասություններ: Համայնական պաշտոնավարներ (ավանդականում` գյուղապետ, գզիր, գանձապահ, ջրաբաշխ, հարկահավաք, դատավորներ և այլք). Համայնական ժողովով ընտրվող գյուղական ինքնակառավարման վարչական մարմին` գյուղապետի ղեկավարությամբ:

Ավագանի. հասարակական կյանքն ու սովորութային իրավունքները վերահսկող համայնական ժողովներում ձայնի գերակշռություն ունեցող, գյուղում հեղինակություն ու հարգանք վայելող ծերունիների խումբ` համայնական կառավարման համակարգի խորհրդակցական մարմին:

Գյուղական դատարան. համայնքի ժողովով ընտրվող, համայնականների միջև սովորութաիրավական հարաբերությունները կարգավորող, վիճահարույց, բարոյաէթիկական և այլ հարցեր քննող և վճիռ կայացնող վարչական մարմին:

Գործառույթ: Ներառում է համայնական կյանքի տնտեսական և հասարակական բնագավառները և տրոհվում է 7 բաղկացուցիչների.

Տնտեսական-շինարարական գործառույթը ենթադրում է հողաբաշխման, հողօգտագործման (վարելահող, արոտավայր, խոտհարք, անտառներ, այգիներ և այլն), ջրաբաշխման (ոռոգման և խմելու ջրերի), երկրագործական և անասնապահական աշխատանքների կազմակերպման (ժամկետները` սկիզբը, ընթացքը և ավարտը, համայնական հովիվ և դաշտերի գիշերային պահակներ վարձելը), ընչազուրկ ընտանիքներին հողաբաժին հատկացնելու, հողը վարձակալության և վարկով տալու, հարկման, ճանապարհների ու կամուրջների կառուցման և կարգավորման, առուների մաքրման, դպրոցի և եկեղեցու վերանորոգման ու շինարարության, աղքատ ընտանիքների բնակարանների վերանորոգման և այլ խնդիրները:

Պաշտպանողական գործառույթը ենթադրում է համայնքի անդորրն ու անվտանգությունն ապահովելու խնդիրները և համայնքի տարածքի պաշտպանական կառույցների շինարարությունն ու վերանորոգումը:
Բարոյա-վարքագծային գործառույթը ենթադրում է ամուսնաընտանեկան հարաբերությունների նորմերի վերահսկումը (ընտանեկան հավատարմության, դաժան վերաբերմունքի, որբի ու այրու ժառանգական իրավունքի պաշտպանություն, կրոնական հավատափոխության խնդիրներ և այլն):

Տոնա-ծիսական գործառույթը ենթադրում է օրացուցային տոների, ուխտագնացությունների ու հասարակական մատաղների, հիշատակի օրերի կազմակերպումը:

Հասարակական ժամանցի և հյուրընկալման գործառույթը ենթադրում է փահլեվան, աշուղ հրավիրելը, շրջիկ դերասանների խմբերին ընդունելը, համայնքի հյուրերի տեղաբաշխումն ու հյուրասիրությունը:

azgatohm-cover

Family

azgatohm

Ազգատոհմը ազգի ընդհանուր հիմնադրից սերված, մի քանի սերունդ միավորող, ազգակցական թաղերով բնակվող, տոհմային ընդհանուր սեփականություն ունեցող արյունակիցների խումբն է: Այն տրոհված է երկու բաղկացուցիչների` ձևի և գործառույթի:

Ազգատոհմի ձևերը ևս տրոհվում են երկու բաղադրիչների` գերդաստան և փոքր ընտանիք:
Գերդաստան. ՄAի քանի ամուսնական զույգերից և նրանց երկու, երեք և ավել սերունդներից բաղկացած, մի հարկի տակ համատեղ ապրող բազմանդամ ընտանիք, որն ազգակիցներից բացի ներառում է նաև ոչ արյունակցական կապեր ունեցող անդամների (որդեգիր, տնփեսա, տանու մշակներ և այլն): Ընդհանուր հողային և գույքային սեփականության վրա հիմնված այդ միությունը առանձնանում է կուռ սեռատարիքային կառուցվածքով թե՛ աշխատանքային ողջ գործունեության մեջ, թե՛ ներընտանեկան հարաբերություններում:

Փոքր ընտանիք. բազմանդամ գերդաստանի ստորին օղակ կամ նրանից առանձնացված ինքնուրույն միավոր, որն ունի մասնավոր սեփականություն և անհատական-ընտանեկան աշխատանքի բաժանում:
Գործառույթ. Անկախ ձևից, ընտանիքն ունի կենսապահովման, վերարտադրողական, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանման ու փոխանցման գործառույթներ, որոնք տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Ժառանգական-իրավական գործառույթը ենթադրում է ժառանգական իրավունքների պահպանում և վերահսկում (ընդհանուր և անձնական սեփականություն` շարժական և անշարժ գույք):

Տնտեսական գործառույթը ենթադրում է ներսի և դրսի աշխատանքի սեռա-տարիքային բաժանումը, դաշտամշակության, անասնապահության, այգեգործության և մյուս ճյուղերի հետ կապված աշխտանքների և զբաղմունքների, տնայնագործության կազմակերպումը:

Վերարտադրողական-դաստիարակչական գործառույթը ենթադրում է սերնդաճի ապահովումն ու վերահսկումը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը (աղջիկ-տղա տարբերակմամբ):
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների վերահսկման և կարգավորման գործառույթը ենթադրում է ամուսնական զույգերի ընտրություն, հաս ու չհասի պահպանում (յոթ պորտ), համաձայնություն տալ և ստանալ (գերդաստանի ավագի, տոհմի նահապետի, ծնողների և այլոց), օժիտ պատրաստել և գլխագին որոշել, հարսանիքի կազմակերպում, հասարարակական հացկերույթների կազմակերպումը ամուսնության, մկըրտության, հուղարկավորման և տոների ժամանակ:

Բարոյա-վարքագծային գործառույթները ենթադրում են գերդաստանի և ընտանիքի պատվի խնդիրները, ավագ-կրտսեր, կին-տղամարդ հարաբերությունների կարգավորումը, չխոսկանության և խուսափումների նորմերի պահպանումն ու վերահսկումը:

Հյուրասիրության գործառույթը ենթադրում է հյուրընկալման ավանդական ձևերը (ուտեստ, օթևան և հագուստ տրամադրելը, պատվավոր տեղ հատկացնելը, ոտները լվանալը, ճանապարհ ուղեկցելը և այլն):
Ժամանցի կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին և որոշակի տոներին հասակակից խմբերի սեռա-տարիքային բաժանմամբ հավաքույթներ (օդա կամ սաքու նստելու սովորույթ), որոնք ուղեկցվում են հեքիաթ և ավանդազրույցներ ասելով, նախնիների վարքն ու բարքը հիշելով, աշուղների մրցույթով, երիտասարդների խաղերով, երգով, պարով և այլն:

draciutyun

Neighborhood

draciutyun-cover

Դրացիները տարածքային մերձակայության վրա հիմնված անմիջական կամ ոչ անմիջական հարևանությամբ ապրող ոչ ազգակից բնակիչներն են, որոնց տնտեսական և կենցաղային կապերի շնորհիվ ձևավորվել են ավանդական բարոյախոսական վարքագիծն ու իրար հասնելու փոխօգնության և օժանդակության բազմաթիվ ձևերը: Տրոհվում է երկու բաղկացուցիչների` ձևերի և գործառույթների:

Ձևերը տրոհվում են երեք բաղկացուցիչների` թաղակից, դրկից, հողակից:
Թաղակից. նույն թաղում ոչ անմիջական հարևանությանբ ապրող բնակիչներ:
Դրկից. անմիջական հարևանությամբ ապրող բնակիչներ:
Հողակից. հողաբաժնին (վարելահող, արոտավայր, անտառ և այլն) սահմանակից հարևաններ:
Գործառույթները. տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Կենցաղային գործառույթը ենթադրում է առօրյա-տնտեսական փոխադարձ շփումներ (տալ ու առնել):
Տնտեսական փոխօգնությունը ենթադրում է երկրագործության (հրաքաշ), անասնապահության (համկալ, ընկերություն), շինարարության, շերամապահության, գինեգործության (խաղող ճզմելը), և տնային տնտեսության (կաթնամթերքի մշակության` խաբ, էրիշտա կտրել, քեչա լմել, բուրդ գզել և այլն) տարբեր բնագավառներում ավանդական փոխօգնության ձևեր:

Տոնա-ծիսական առիթով փոխօգնությունը ենթադրում է հարևանների անմիջական մասնակցությունը հարսանիք, կնունք, հուղարկավորում ևն կազմակերպելու աշխատանքներին, նաև` նյութական օժանդակությամբ:
Համատեղ ժամանց կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին հարևանների միջև մտերմիկ շփումներ. խոսք ու զրույց, օդա նստել, թեշիկ մանել, չիբուխ ծխել, զար գցել, լոտո և թուղթ խաղալ, ներկայումս` սուրճ խմել և այլն:

Աղետների դեպքում փոխօգնությունը ենթադրում է հարևանների` միմյանց օժանդակումը հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կարկուտի, անասունների անկման, ծանր հիվանդության, երկունքի, մահվան և այլ դեպքերում: