Համբարձման տոն

Feast of the Ascension

Համբարձումը նախաքրիստոնեական տոնացույցի ժողովրդական տոներից է, արտահայտում է մեռնող եւ հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները։ Քրիստոնեությունն այն ընդգրկեց պաշտոնական տոնացույցի մեջ որպես Քրիստոսի հարությունից հետո նրա համբարձման տոն: Քրիստոնեական տաղավար տոների շրջանակում Քրիստոսի համբարձման մասին գրում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, անդրադարձ կա նաեւ Գործք Առաքելոցում: Քրիստոնեական Համբարձման ժողովրդական տոնահանդեսում պահպանվել են շատ ժողովրդական ծեսեր, արարողություններ եւ երգարվեստի ինքնատիպ նմուշներ:

Ըստ Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչների՝ Ս. Հարությունից հետո Քրիստոսը 40 օր երեւում էր իր աշակերտներին եւ իր վարդապետությունն ուսուցանում նրանց: Վերջին հանդիպման ժամանակ օրհնեց ու պատգամներ տվեց առաքյալներին, որից հետո համբառնեց երկինք:

Համբարձում/Վիճակի տոնահանդեսը մեծ լիցք է հաղորդել թե ժողովրդական, թե պրոֆեսիոնալ ստեղծագործություններին, դրսևորվել է գեղարվեստական գրականությունում՝ պոեզիայում եւ արձակում, նույնիսկ օպերայում եւ կերպարվեստում: Գրանցված եւ հրատարակված են Համբարձման առանձնահատուկ ժողովրդական երգերի հազարավոր նմուշներ, որոնցում արտացոլվում են սիրո, մարդկային փոխհարաբերությունների, բնության եւ տիեզերքի հետ մարդու հավերժական միասնության գաղափարները: 

Դրանք շարունակում են ստեղծվել նաեւ այսօր: Համբարձման տոնի հիմնական կատարողներն ամենուր հիմնականում կրկին երիտասարդներն են, շարունակվում են ծիսական ծաղկահավաքներն ու ջրահավաքները, ծաղկեփնջերի եւ ծաղկեպսակների նվիրաբերությունները, երիտասարդական գիշերային հավաքները, տոնի բնույթից բխող առանձնահատուկ երգ/քառյակները, ծիսական հանրային վիճակահանությունները՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ ու Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, առավոտյան, ծաղիկներով զարդարված, երգելով շրջում բնակավայրերի թաղամասերում, ծաղիկներ նվիրում, հետո հանդիսատեսների ներկայությամբ, մենակատարներով եւ խմբային երգերով հատուկ հանդիսավորությամբ՝ անհատական գուշակություններ ու հանրային բարեմաղթանքներ անում: Երգերը բարբառային են, ինչով ոչ միայն պահպանվում, այլեւ զարգանում է լեզվական մշակույթը: Տոնի հասարակական նշանակությունը հասարակական կարեւոր արժեքների պարբերական վերահաստատումն ու վերարտադրությունն է, ինչպես նաեւ անցյալը ներկային կապող մշակույթի շարունակականությունն ու սերնդեսերունդ ժառանգորդումը: Տոնահանդեսը ոչ միայն կրկնում է ավանդականը, այլեւ ստեղծում է նոր ժողովրդական ստեղծագործությունների ծնվելու հուզական միջավայր: Տոնահանդեսն իր բնույթով ներհասարակական կապերն ուժեղացնող, հանրային ժողովրդական ստեղծագործական հնարավորությունը բացահայտող, հասարակություն-բնական միջավայր անքակտելի կապը պահպանող, զարգացնող եւ գեղագիտական ընկալումները հղկող երեւույթ է:

Comments are closed.