ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կայացավ Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը: Փառատոնին այս տարի մասնակցում էր 13 համույթ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ ունեցան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ՝ մեկ համայնք ձևաչափով, այնուհետև, բոլոր խմբերը միասին ելույթ ունեցան Բերդում, որտեղ կայացավ գլխավոր համերգը:
«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն հաղորդեցին մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- նշել է Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ համավարակի պատճառով արտիստները ստեղծագործական դադար ունեցան և հիմա «Գութանի» շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան փոխանցեցին սահմանապահ տավուշցիներին: Փառատոնի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները: