ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» /«Բիբլիոբուս»/ ձեռք կբերի /60 հազար դոլար կտրամադրի Չինաստանի դեսպանությունը և 30 հազար դոլար՝ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը/: Այդ մասին քառակողմ համաձայնագիրն այսօր կնքվեց Հայաստանի Ազգային գրադարանում։ «Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ ու ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին ու համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,-համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,-արձագանքեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:
«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:
«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:
«Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղը բացվեց նաև Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է: