Հազարաշեն

hazarashen

Հազարաշենը հայկական ժողովրդական բնակելի տան՝ գլխատան, գերանակապ, բրգաձեւ, երդիկավոր ծածկի կառուցվածք է։ Այն հնարավորություն է տվել կարճ գերաններով կամ չորսուներով համեմատաբար մեծ թռիչքներ ծածկել։ Հազարաշենի տարբերակով են ծածկվել սովորաբար քառակուսի ձեւի հատակագծով տները, այլ ձեւի տներում՝ քառակուսու բերված կենտրոնական բացվածքները։ Ծածկի ծանրությունն իրենց վրա կրում են ոչ թե պատերը, այլ տան անկյուններից 1-1.5 մետր հեռավորության վրա դրված, գերաններից պատրաստված չորս զույգ քառանկյուն կամ կլորավուն սյուները, որոնք նստած են քարե պատվանդանների վրա։ Սյուների վրա նստեցվում են փայտե խոյակներ, որոնք նեցուկ են ծառայում դրանց վրա՝ պատերի երկարությամբ դրված գերան-հեծաններին։ Դրանց անկյունները հատվում են կարճ գերաններով, որոնց վրա հենվում է քառանկյուն գերանածածկի հաջորդ շարքը։ Շարքերի արանքները ծածկվում են կլորավուն կամ քառանկյուն տաշած, հետզհետե կարճացող գերաններով կամ տախտակներով։ Ամենավերեւում թողնվել է բացվածք՝ երդիկ, որի վրա ամրացվել են խաչաձեւ երկաթե ճաղեր (խաչերկաթ)։ Երդիկը ծառայում է թե՛ լուսավորության, թե՛ օդափոխության եւ թե՛ ծուխը հեռացնելու համար։ Արտաքինից այս առաստաղի շարքերը ծածկվում են հարդով, ծղոտով կամ եղեգնով, ապա կավով կամ պինդ հողով։ Հազարաշեն գմբեթներն ավելի սրածայր ու բարձր՝ հատած կոնի ձեւ ունեն։ Հազարաշենի հիմնական առավելությունն այն է, որ իրականացվում է ավելի քիչ ու առավել կարճ փայտե հեծաններով կամ գերաններով, ինչից էլ առաջացել է նրա անվանումը, որը նշանակում է «հազարավոր կտորներից շինված»։
Հազարաշեն ծածկի պարզ ու բարդ տարբերակները հանդիպում էին Պատմական Հայաստանի բոլոր տարածաշրջաններում՝ Բարձր Հայք, Ջավախք, Շիրակ, Գեղարքունիք, Վասպուրական, Տարոն, Այրարատ, Վայոց ձոր, Սյունիք, Արցախ եւ այլն:
Հազարաշենի մասին մեր նախնիների գիտելիքների կրող դարերի ընթացքում եղել է հայ ժողովուրդը, մասնավորապես, Հայաստան երկրի տարբեր համայնքային խմբերն ու անհատները, շինարար վարպետները, ինչպես նաեւ հայ մշակույթի պատմությամբ հետաքրքրված մտավորականների ստվար խմբերը:
Հազարաշենի մշակույթի կրող հանդիսացող խմբերն օրեցօր նվազում են, գիտելիքները մնում են հիմնականում տարեց մարդկանց հիշողություններում:

Comments are closed.