Հայաստանի Հանրապետության Ոչ Նյութական Մշակութային Ժառանգություն

Արհեստների միջազգային փառատոն․ Արենի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը 2024թ․ սեպտեմբերի 14-ին և 15-ին Վայոց ձորում անցկացրեցին «Արհեստների միջազգային 3-րդ փառատոն»-ը՝ «Գինի և արհեստներ» խորագրով։
Փառատոնին մասնակցեց շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներից:
Փառատոնի շրջանակում երկու օր շարունակ մարզի ամենախորհրդանշական վայրերից մեկում՝ Արենիի գինու գործարանի բացօթյա տարածքում, անցկացվեցին բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստագործության նմուշների ցուցահանդես-վաճառք, համերգային ծրագիր, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, լարախաղացություն և այլն: Փառատոնի համն ու հոտը մատնանշեցին Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական համեղ ուտեստները: Փառատոնի այցելուները տեղում հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին, բացահայտելու գինեգործական բացառիկ հմտությունները:

Արհեստների միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում տրվեց Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից մեկի մեկնարկը` «Եվրոպական ժառանգության օրերը», որն այս տարի տեղի ունեցավ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:
Ամփոփվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթացը:
Փառատոնի գործընկերներ` Արենիի համայնքապետարան, «Արենի Վայն» գինեգործարան:

Արհեստների միջազգային ամենամյա փառատոնը մեկնարկել է 2022 թ. Գյումրիում, ապա անցկացվել Դիլիջանում։ Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Shopping Basket