Հայկական գորգերի ալբոմի և կայքի ներկայացում, արհեստներին նվիրված անիմացիոն ֆիլմերի դիտում, հայկական լավաշը նորովի ներկայացնող ֆոտոպատում․ այսպես նշվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում։
«Հայկական գորգեր և կարպետներ․ Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու» անգլալեզու ալբոմում (հեղինակ՝ Աշխունջ Պողոսյան) ներկայացված է գրեթե 200 նմուշ։ Ի դեպ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի կարպետները, որոնք ներառում են նաև նմուշներ Արցախից, բացառիկ են։ Ալբոմը միտված է նպաստելու միջազգային մակարդակում հայոց գորգարվեստի հանրահռչակման գործին։
Հայկական ժողովրդական արվեստի տեղական և միջազգային հանրահռչակման նպատակով է իրականացվել նաև թանգարանի մյուս կարևոր նախագիծը՝ «Ինչպես են ստեղծվում արհեստները» երկլեզու անիմացիոն ֆիլմաշարը, որը հասցրել է արդեն սիրվել շատերի կողմից։
Թանգարանի այս երկու ծրագրերի իրականացմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Իսկ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցադրությունը թանգարանում կարող եք դիտել ևս երկու օր։ Թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի․ տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։ Հայկական լավաշի դիմանկարները ներկայացնող այս յուրօրինակ ֆոտոպատումը նախաձեռնել և իրականացրել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։
Ի դեպ, հայկական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ Իսկ թե որո՞նք են այդ ցանկում ընդգրկված հայկական մյուս արժեքները` կարող եք տեսնել այստեղ https://int-heritage.am/grancvac-arjeqner/։