Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2018 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանում առաջին անգամ կկայանա «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով. նախատեսվում է 150 արվեստագետի մասնակցություն Հայաստանից և արտերկրից:

 

Ծրագիրը  բաղկացած է հետևյալ բաժիններից. նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն: Այն կընդգրկի նաև զուգահեռ միջոցառումներ՝ ինստալյացիաների և «պերֆորմանսների» տեսքով:

 

Ցուցահանդեսն ընդգրկուն է. այն ներառում է Երևանի մի շարք մշակութային հաստատություններ և թատրոններ, մասնավորապես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Առնո Բաբաջանյան համերգասրահը, Հայաստանի նկարիչների միությունը, ինչպես նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

 

Նախատեսվում է նաև հեղինակավոր մի շարք պատկերասրահների տնօրենների մասնակցություն նշյալ ցուցահանդեսին:

 

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն վարպետության դասեր, արվեստի շուրջ զրույցներ, հանդիպումներ՝ հայ և օտարերկրացի արվեստագետների հետ:

 

Ծրագիրը կիրականացվի «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ համատեղ, որը գործում է Հայաստանում և հանդիսանում է խորհրդատվական, մենեջմենթ ընկերություն. հիմնական գործունեությունն է ներկայացնել իտալական ընկերությունները Հայաստանում՝ խթանելով օտարերկրյա ներդրումները, մշակութային և տնտեսական փոխանակումները Եվրոպայի և Հայաստանի միջև: «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գրասենյակը /ցուցահանդեսի պատասխանատու/ կգործի «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի 4-րդ հարկում:

 

Ցուցահանդեսի իտալացի համադրողն է Ջորջիո Գրասոն, իսկ հայկական կողմի համադրողը՝ Մարինա Հակոբյանը: Ծրագրի շրջանակում կգործի նաև գեղարվեստական խորհուրդ, որը բաղկացած կլինի տեղական և միջազգային փորձագետներից:

Comments are closed.