«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 50 երեխաներ մասնակցում են հայկական զարդանախշերով կավագործության դասընթացներին:
Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:
Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է հասարակական կյանք ներառման խնդիր ունեցող երեխաների համար: Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման ծրագիրն ուղղված է բացահայտելու այդ երեխաների ստեղծագործական ներուժը, նպաստելու կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների խթանմանը:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է կավագործության արհեստանոց, որտեղ ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաները հնարավորություն ունեն տիրապետելու կավագործության հմտություններին՝ ապահովելով նրանց արտադպրոցական զբաղվածությունն ու արհեստագործական գիտելիքների ձեռբերումը:
Աշխատանքների ներկայացման նպատակով ծրագրի ավարտին կազմակերպվելու է «Երեխաները երեխաների համար» խորագրով ցուցահանդես՝ նպատակ ունենալով մասնակից երեխաների դրական փորձը և ստեղծագործական գիտելիքները փոխանցել համայնքի երեխաներին։