Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ և հրավիրված այլ անձինք:
Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձևավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ, կարուձևի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսևորելու հիանալի միջավայր է։ «Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռևս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար և նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։
Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ:
Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների և երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական և ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձևի խմբակ: