Գրական

19-րդ դարի կեսերին արդեն հայ մամուլը, գրականությունը հրապարակվում են նոր աշխարհաբարի երկու տարբերակներով, որոնք կոչվում են արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ: Արևելահայերենի հիմքում ընկած է արարատյան բարբառը, իսկ արևմտահայերենի` Պոլսինը: Սակայն երկուսում էլ ակնհայտ են և՛ գրաբարի, և՛ միջին հայերենի քերականության, դարձվածաբանության ազդեցությունները, հիմնական բառաշերտի պահպանումը:

Այսպիսով` հայերենը իր գրային շրջանում` 5-րդ դարից ի վեր, ունեցել է 4 գրական լեզու` գրաբար, միջին հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն:
Այսօր գրական արևելահերենը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պետական լեզուն է, իսկ գրական արևմտահայերենը, զուրկ լինելով պետական լինելու կարգավիճակից, այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանում և հայկական սփյուռքում գործառում է որպես ուսուցման, մամուլի, գրականության և հայերի ընդհանուր հաղորդակցման լեզու: Այս երկու գրական լեզուները, ի սկզբանե միմյանցից շատ մեծ տարբերություններ չունենալով, միշտ էլ հասկանալի են եղել հայության բոլոր հատվածների համար: Այժմ հայրենիքի և սփյուռքի փոխադարձ կապերի աշխուժացման պայմաններում տեղի է ունենում երկու գրական հայերենների մերձեցում: Այդ գործընթացին, թերևս, որոշ չափով խոչընդոտում է դրանցում տարբեր ուղղագրությունների գործառությունը:

Երկու գրական հայերենների համար էլ օգտագործվում է մեսրոպյան այբուբենը: Սփյուռքահայությունը աշխատում է հնարավորինս գրաբարյան ուղղագրությունը պահպանել: Սակայն դա օրըստօրե ավելի է դժվարանում` արտերկրների գաղթօջախների հայության արտասանական նորմերի տարբերությունների պատճառով: ՀՀ-ի, ԼՂՀ-ի և, ընդհանրապես, ողջ արևելահայությունը գործածում է 1940 թ. պետականորեն ընդունված նոր ողղագրությունը: Այն ստեղծվել է ուղղագրությանը ներկայացվող ժամանակակից լեզվաբանական սկզբունքների կիրառմամբ. չկտրվելով ավանդականից` տեղ տալ նաև հարյուրամյակների ընթացքում ձևավորված ու հնչյունական փոփոխությունների հետևանքով առաջացած արտասանական նորմերին:

Ժաննա Միքայելյան,
ԳԱԱ լեզվի ինստիտուտ