Հայ մեծանուն գրող Պարույր Սևակը, որի ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն են վայելում մինչ օրս, հունվարի 24-ին կդառնար 95 տարեկան:
Գրողի հոբելյանի կապակցությամբ հունվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կանցկացվի «Պոեզիայի օր» խորագրով միջոցառմանը: Սևակի գործերը կներկայացնեն դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը:
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, և նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։
«Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:
1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով անցկացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970 թվականին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։
«Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Անլռելի զանգակատուն», «Սիրո ճանապարհ»-ը նրա հանրահայտ ու սիրված գրքերն են:
Պարույր Սևակը 1963-1971 թվականն աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966 թվականից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
«Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում»,-Սևակի մասին ասել է Վազգեն Առաջին կաթողիկոսը: