ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սասնա տուն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի 2016 թ. իրականացվող ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին մեծ միջոցառում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում:
Միջոցառմանը ներկա էր տեղամասում գտնվող ողջ սպայական և զինվորական անձնակազմը: Բացման խոսքով հանդես եկավ գնդի հրամանատարի կազմակերպչական հարցերի գծով տեղակալ Ռ. Չիլինգարյանը, այնուհետև զինվորականներին ողջունեց «Սասնա տուն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Ա. Ավագյանը՝ ներկայացնելով միջոցառման նպատակը և շնորակալություն հայտնելով ՀՀ պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարությանը միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար:
«Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» զեկուցմամբ հանդես եկավ էպոսագետ, գրող և հրապարակախոս Անդրանիկ Ավետիսյանը, որին հաջորդեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը:
Համույթի պարին միացան նաև զինվորները և կրկին հայկական լեռնաշխարհում հնչեց մեր ավանդական ու հաղթական քոչարին:
Օրվա խորհրդին համահունչ, զորամասում թևածում էր «Սասնա ծռերի» հայրենասիրական ու ռազմական ոգին՝ մեծ ոգևորություն հաղորդելով զինվորականներին: