ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Ներկայացվել են խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Նա հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունեն վարպետները՝ զարգացնելու իրենց ձեռարվեստը, ինչ առանձնահատկություններ ունեն ձեռագործ աշխատանքները, ինչպես է կազմակերպվում դրանց իրացումը, ինչպիսի համագործակցություններ են իրականացվում՝ ցուցադրելու հայկական ձեռագործ արվեստն արտերկրում, ինչպես է արտադրությունը նպաստում մարզային ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։
Վարպետները պատմել են իրենց արտադրության մասին, ներկայացրել աշխատանքների ինքնատիպությունը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։
«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց միավորում է նույն էներգիան՝ սերը դեպի արհեստն ու արվեստը։ Ուրախ եմ, որ կայացել է հայ և վրաց ժողովրդի ևս մեկ հաջող համագործակցություն։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք միտք ու տրամադրություն ունի, որը փոխանցվում է նաև մեզ»,-ասել է նախարարը։
Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջել են նաև «Մեգերյան կարպետի» թանգարանային հատվածում, ծանոթացել ցուցանմուշներին։