Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։
Ներկայացված են Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա և այլն) պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։
Ցուցադրության բացման շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրած, պատմական արժեք ունեցող հնագիտական նմուշը համալրեց թանգարանի 400․000-անոց ֆոնդը։
Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված կարասային թաղումների մշակույթին։