Նոյեմբերի 21-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ Լալա Մնեյանին նվիրված հուշ-երեկո։ Նա թանգարանի լավագույն բարեկամներից էր, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիրը, հրաշալի թաղիքագործ վարպետ, փայլուն մանկավարժ, ժողովրդական արվեստի ոլորտի մեծ գիտակ, ում շնորհիվ իրականացել են բազմաթիվ արժեքավոր նախագծեր, կրթվել սերունդներ։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Լալա Մնեյանի կյանքը և ստեղծագործական ուղին, խոսեց նրա լավ ընկեր, պ․գ․թ․ Կարեն Թոխատյանը։ Լալա Մնեյանի ամուսինը՝ Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը, ներկայացրեց իր «Հազարան Բլբուլ» գիրքը (գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել թանգարանում՝ առանց հեղինակի ներկայության, և տիկին Լալայի ցանկությունն էր, որ հաջորդ շնորհանդեսը լինի նրա հետ միասին), անցկացվեց նաև զրույց-քննարկում՝ ներկաների մասնակցությամբ։