Լարախաղացություն

հոդվածի ֆոտո (2)

Լարախաղացությունը հայ ժողովրդի թատերական-պարային ներկայացումներում զբաղեցնում է կարեւորագույն տեղերից մեկը, որի արմատները գնում են դեպի հեթանոսական պաշտամունքային թատրոն։ Լարախաղացը (փահլեւան, պարանագնաց, պարանախաղաց, ճամբազ, քանդրբազ, ձողագնաց) Սուրբ Կարապետի ուխտավորն է։ Ըստ ավանդության` Մշո Սուրբ Կարապետ վանքի ուխտավորներ են եղել միջնադարյան Հայաստանի երգիչները, գուսաններն ու լարախաղացները։ Ըստ էության, հեթանոսական ժամանակաշրջանի այս պաշտամունքային ավանդությունը քրիստոնեացվել է, եւ ավելին` նրան տրվել է քրիստոնեական սրբի հովանավորություն։ Լարախաղացը հայտնվում է կարմիր կամ ծիրանագույն ատլասե արխալուղով, որը կոճկված է, իսկ պարանոցի մոտ` բաց, առանց կոճակների։ Պարանոցը զարդարում էին մետաքսե, ճերմակաթույր, ժանեկազարդ կրծկալ-օձիքը եւ հուռութների ժապավենները, որոնք գունավոր  եռանկյունիների ձեւ ունեին ու նման էին ծաղիկների։ Դրանցում Նարեկացուց կամ «Ժամագրքից» գրված աղոթքներով թղթեր կային։ Ներկայացումը սկսվում է զուռնա-դհոլի նվագածությամբ։ Լարախաղացը վերցնում է հավասարակշռության ձողը եւ դանդաղ ու հանդիսավոր բարձրանում թեք լարի վրայով։ Ձողափայտը եւ նրա ուղիղ մարմինը խաչի են նմանվում։ Լարախաղացը, վեր բարձրանալով, սրբազան արարողություն է կատարում, քանի որ իր գործը նա համարում է սրբին ծառայելու տեսակ։ Հասնելով կայմի ծայրին` լարախաղացը կանգ է առնում, ձողափայտը մոտեցնում է շուրթերին, ինչպես խաչն են համբուրում եւ, հայացքը բարձրացնելով դեպի երկինք, արտասանում է. «Մշու սուլթան Սուրբ Կարապետ, մեռնեմ քո զորութենին. ես վերու էս թարազու քու զորութենով ուժովցած. ընձի ամոթով չանես»։ Այս աղոթքով լարախաղացն օգնություն է աղերսում հովանավոր սրբից, որից հետո աջ ոտքը սեղմում է լարին, դանդաղ սահեցնելով առաջ հրում, ապա հենման կետից պոկում ձախ ոտքը եւ թռիչքաձեւ վազքով անցնում լարի մյուս ծայրն ու պարելով հետ գալիս։ Մինչ լարախաղացը լարի վրա է` ներքեւում հայտնվում է ծաղրածուն` կարճ ճիպոտը ձեռքին։ Լարախաղացն ու ծաղրածուն հակոտնյա կերպարներ են` լարախաղացը՝ իմաստուն, ամենակարող ու անձնուրաց, իսկ ծաղրածուն` վախկոտ ու անհեթեթ։ Ներկայացման ընթացքում ծաղրածուի դերը գնալով փոքրանում է, լարախաղացինը` մեծանում։ Լարախաղացությունը, որպես միջնադարյան ծիսական խաղ, չունի դրությունների պատճառահետեւանքային ընթացք։ Դա անկախ դրվագների շղթա է, որի սկիզբն ու ավարտը տեսնում ենք հնարների աստիճանական բարդացման մեջ, ինչը նշանակում է հերոսականի վեհացում, աստվածայինի ու հրաշալիի հաստատում, եւ ծաղրածուի դերի նսեմացման մեջ արտահայտվում է առօրեականի պարտությունը։ Լարախաղացները ելույթ են ունենում հիմնականում կրոնական տոներին` վանքերի ու եկեղեցիների մոտ։ Այսօր լարախաղացների կարելի է հանդիպել քաղաքային հրապարակներում, մարդաշատ ճանապարհների եզրերին, գյուղամեջերում:
Հեթանոսական ժամանակաշրջանի ժողովրդական ներկայացումների տվյալ բնագավառը սերտորեն առնչվում է Առաջավոր եւ Փոքր Ասիայի ժողովուրդների պաշտամունքային ավանդույթներին։ Այն մասին, որ լարախաղաց-ակրոբատների արվեստը հայտնի էր դեռեւս հեթանոսական ժամանակներից, վկայված է հռոմեացի կատակերգու Պուբլիոս Տերենտիոսի (Ք. ա. 194-159 թթ.) «Սկեսուրը» ստեղծագործության մեջ։ Հայ մատենագիտության մեջ սրա մասին առաջին վկայությունը տալիս է Դավիթ Անհաղթի «Սահմանքը»։ Այն, իրավամբ, համարվում է թատրոնի եւ կրկեսի նախատիպ։ Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին ոչ միայն հանդուրժեց այս արվեստը, այլեւ ժամանակի ընթացքում սկսեց հովանավորել այն։ Դարեր շարունակ լարախաղացությունը հայ ժողովրդի կյանքում առավել ակտիվ կենսավարում ունեցող արժեքներից է եղել եւ կազմել է տոնախմբությունների անքակտելի մասը։ Այն որոշակի վերելք ապրեց նաեւ խորհրդային ժամանակաշրջանում։ Անկախության առաջին տարիներին ստեղծված սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավիճակի պատճառով լարախաղացությունը կորցրեց իր երբեմնի նշանակությունը եւ հայտնվեց մոռացության եզրին:
Հաշվի առնելով, որ լարախաղացությունը սերտորեն առնչվում էր Մշո Սուրբ Կարապետի պաշտամունքին, այն հիմնականում տարածված էր Տարոն աշխարհում, մասնավորապես, մշեցիների շրջանում։ Հետագայում այն մեծ տարածում գտավ բոլոր ազգագրական շրջաններում։ Այսօր լարախաղացների կարելի է հանդիպել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, Երեւանի մի շարք հին թաղամասերում։
Լարախաղացությունը երկարատեւ, բարդ ուսուցման գործընթաց է, պահանջում է մարմնամարզական լավ պատրաստվածություն։ Մյուս կողմից էլ` հասարակության մեջ առկա է այս արվեստի վերաբերյալ տեղեկույթի պակաս, ինչն էլ պատճառ է դառնում լարախաղացների նկատմամբ հետաքրքրության նվազման։ Երիտասարդները վստահ չեն, որ, լարախաղաց դառնալով, կարող են հոգալ իրենց կեցությունը, հետեւաբար, խուսափում են այս արվեստում մասնագիտացման ուղին ընտրելուց։ Լարախաղացությունը հայ ժողովրդի ազգային ինքնության գեղեցիկ արտահայտչամիջոցներից մեկն է։ Դրա պահպանությունը եւ կենսունակության խթանմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը հնարավորություն կտան սերունդների միջեւ ստեղծելու առավել ամուր կապ, ինչպես նաեւ կապահովեն լարախաղացության միջոցով միջազգային հանրության հաղորդակցությունը հայ ժողովրդի գեղարվեստական ու հավատալիքային պատկերացումներին, խորհրդանշանային  համակարգին։

Comments are closed.