Եզդի ժողովուրդն աշխարհի հնագույն ազգերից է՝ բնորոշ ավանդույթներով և սովորույթներով: Դրանցից է նաև եզդիների հարսանեկան ծիսակարգը: Եզդիների հարսանեկան ծեսն ավանդական է և պահպանվել է մինչև մեր օրերը: Այն ներառում է կանոնակարգված արարողություններ, փոխադարձ այցելություններ և սովորույթների պահպանում: Երբ արդեն համաձայնություն է կայացվում աղջկան ուզելու, տղայի ծնողները, ըստ կարգի, գնում են աղջկա տուն` նրա ծնողներից աղջկա ձեռքը խնդրելու: Կա նաև մի այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ «բեշքերթում» (նշանադրություն) է կատարվում: Թեև դա հազվադեպ է տեղի ունենում, բայց ենթադրվում է, որ երբ փոքրերը չափահաս դառնան, պետք է ամուսնանան: Տղայի ծնողներն աղջկա ձեռքը խնդրելիս աղջկա համար զանազան զարդեր են տանում: Համաձայնության գալով՝ տղայի ծնողներն իրենց բարեկամների հետ մի քանի շաբաթ անց կրկին գնում են աղջկա ծնողների մոտ, կրկին զարդեր ու նվերներ տանելով: Այդ արարողությունը կոչվում է «շիրանի» (մի ժամանակ, աղջկա գլխագին` «ղալիմ» էր պահանջվում, որը հիմա վերացել է հայաստանաբնակ եզդիների մոտ, քանի որ որոշ չքավոր ընտանիքների երիտասարդներ չէին կարողանում ամուսնանալ դրա պատճառով): Որոշ ժամանակ անց արդեն գնում են աղջկան հարս բերելու: Տեղի է ունենում երդման արարողություն, երբ հայրերը կամ մոտ հարազատները բութ մատերն իրար սեղմելով երդվում են շեյխի կամ փիրի ներկայությամբ, որ ինչ գնով էլ լինի պահպանեն ջահելների ընտանիքի միասնությունը: Դա հավատարմության և անխախտ դաշինքի երդում է, որը եզդիները պահպանում են սրբությամբ: Հարսանիքներին կարևորվում է խնձորը, որպես պտղաբերության խորհրդանիշ և դրա ծիսական գործառույթը: