Մեղրին` 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը, սիրով հրավիրում է մասնակցելու տարվա ամենագունեղ ու բովանդակալից մշակութային իրադարձություններից մեկին: Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որը տեղի կունենա մայիսի 16-17-ին, Մեղրին կդարձնի արհեստների, ազգային մշակույթի և համեղ ուտեստների տոնական կենտրոն` համախմբելով վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Իրանից։ Փառատոնն այս տարի կրում է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։
Ի՞նչ է սպասվում. հայ և օտարազգի ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտարվեստ, դարբնություն և շատ ավելին, վարպետության դասեր, ազգային երգ ու պար, կենդանի կատարումներ, ավանդական խոհանոց` բացահայտելու Մեղրիին բնորոշ համերն ու խոհարարական գաղտնիքները, մանկական ծրագիր, լարախաղացի ներկայացում, երեկոյան համերգներ՝ «Կաթիլ» բենդ, Ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախումբ, «Վարը Վարենկ» կրթամշակութային նախաձեռնություն:
Միացե՛ք Արհեստների միջազգային 5-րդ փառատոնին` բացահայտելու ժողովրդական արվեստի բազմազան աշխարհը` Հայաստանի ամենաարևոտ ու գեղեցիկ քաղաքներից մեկում։
Այս տարի փառատոնը կմեկնարկի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 16-ին:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: