Տարեցների փորձը և մշակութային կրթությունը՝ ի նպաստ պետության զարգացման

Տարեցների_փորձը_և_մշակութային_կրթությունը՝_ի_նպաստ_պետության_զարգացման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը:
Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի իրացումը, սերունդների կապի ապահովումը նրանց շարունակական կրթության միջոցով՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը և երկրի զարգացմանը։
Նախատեսված է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և բարձր տարիքի մեծահասակների համար, որոնք թոշակառու են, չեն աշխատում, սակայն ակտիվ են, պատրաստակամ նոր հմտություններ յուրացնելու, գիտելիքը մյուսների հետ կիսելու համար:
Նախագծի շրջանակում կազմակերպվելու են ձեռարվեստի ավանդական տեսակների (կարպետագործություն և ասեղնագործություն) դասեր՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, փոխանցմանը և տարածմանը։

Ավանդական ձեռարվեստի ուսուցումը մասնակիցների համար կարող է դառնալ ինքնուրույնության և ֆինանսական ապահովության աղբյուր։ Այն կնպաստի նաև նրանց առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրի ընթացքում, բացի դասընթացներից, նախատեսված են հանդիպումներ Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների հետ, զրույց-դասախոսություններ մշակույթի դերի մասին, իսկ ծրագրի ավարտին՝ մասնակիցների աշխատանքների ցուցադրություն: