«Զատկական փառատոնը Վանաձորում» տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9 -ին, ժամը 12։00 -ից Վանաձորի Սբ. Նարեկացու եկեղեցու հարակից տարածքում:
Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և նկարչության վարպետության դասերին:
Միջոցառման աջակից՝ Formica Art Production:
Միջոցառման կազմակերպիչներն են Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:
Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:
Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարաշեն»:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:
Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը: