Հայոց մեջ Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է: Նրա մեջ հասցրել են արտացոլվել հայոց պատմության և ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից՝ Նոյի պատմությունը, Հայկ ու Բելի ավանդազրույցը, Անահիտ-Աստղիկ դիցուհիների կերպարները, հնագույն նավասարդյան տոնակատարությունները, քրիստոնեական մեկնաբանությունները, բուն ժողովրդական պատկերացումները: Ավանդազրույցը պատմում է, թե երբ Նոյը ջրհեղեղից փրկվելով հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Եվ որպեսզի ջրհեղեղի հիշատակն անմոռաց մնա մարդկանց մեջ, Նոյը պատվիրում է իր որդիներին իրար վրա ջուր լցնել:
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքի հետ: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան:
Տավուշում տոնի նախորդ օրն աղջիկներն ամբողջ ցերեկը շրջում էին դաշտերում, բազմագույն և հատկապես «վրթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձև փնջեր անում և գիշերը գաղտնի նետում իրենց հարազատների բակը:
Իսկ «խաչբուռերը» ցորենի հասկից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր էին, որոնք, ընդհանուր առմամբ, հիշեցնում էին կնոջ արտաքինը: Այդ խաչբուռերը սովորաբար պատրաստում էին հնձվորները՝ արտերում հունձը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո, նվիրում էին արտատիրոջը: Որոշ հետազոտողներ խաչբուռի մեջ տեսնում են բերքի հովանավոր Անահիտ աստվածության ծպտված կերպարի և նրա պաշտամունքի թաքնված պահպանվածությունը հայերի կենցաղում: Գյուղերում լավ խաչբուռ գործող մարդկանց անունները բոլորը գիտեին:
Մինչև Վարդավառ խնձոր չուտելու սովորույթ կար, այսպես կոչված «խնձորի պաս» էր․ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը՝ Խաղողօրհնեքի տոնին: Սարերում Վարդավառի ուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին տոնավաճառներ և զբոսախնջույքներ:
Բացօթյա զվարճավայրերը միաժամանակ վերածվում էին «աղջիկտեսի»:
Վարդավառի հատկանշական ծեսերից էր աղավնի թռցնելը։
Ագուլիսում մինչև Վարդավառ նշանված աղջիկներն ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Տոնի օրը 1 մետրանոց խաչաձև փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով: Զարդարված խաչաձև փայտը կանաչի հետ միասին «խնդում» էր կոչվում, իսկ ողջ ծեսը՝ «խնդում տօք» (ժողովրդական ստուգաբանությամբ՝ «ուրախություն տալ»):
Աղբյուրը՝ Հ․ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները»