Օգոստոսի 26-27-ը Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։
Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում․ գորգագործության ևս մեկ ցուցադրական դաս կանցկացվի օգոստոսի 27-ին Սարյան փողոցում։
«Վարպետաց դասերի միջոցով նպատակ ունենք գորգագործությունը հասարակության շատ ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու։ Այցելուները կարող են մոտենալ ու փորձել հանգույց գործել՝ ինչ-որ չափով ծանոթանալով գորգագործական ավանդույթներին»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը՝ տեղեկացնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում այսօր նաև փայտագործության ցուցադրական դաս է անցկացվել։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին գորգագործության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծացել է, իսկ նմանօրինակ միջոցառումներ թանգարանը կազմակերպել է ինչպես Երևանում, այնպես էլ ՝ ՀՀ մարզերում․ «Եթե դեռ 10 տարի առաջ շատ քիչ կենտրոններ կային, որոնք զբաղվում էին գորգագործությամբ և նաև դասընթացներ էին կազմակերպում, այսօր այդ կենտրոնների թիվը բազմապատկվել է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում»։
Ի դեպ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը․ այդ առիթով վաղը հատուկ արարողակարգով կմեկնարկի թանգարանի հոբելյանին նվիրված գորգի գործման գործընթացը։ Լուսինե Թորոյանի խոսքով՝ գորգը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք՝ «Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Այն նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի կունենան դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր և այլն:
«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Միջոցառումների մուտքն ազատ է։