Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։
«Դեռևս նախորդ տարվանից Հայաստանի պատմության թանգարանում բացված ազգային հավաքածուին զուգահեռ՝ ներկայացվող նմուշները նորովի են բացահայտելու մեր հավաքական անցյալը։ Ցուցահանդեսի նպատակներից է գորգարվեստի վերածնունդը, որի ուղղությամբ «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում»,- ցուցադրության մասին ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Թուֆենկյան ընկերության սեփականատեր, գորգերի փորձագետ և հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նա իր առջև խնդիր չէր դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը. «Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել և աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով և այն հանգամանքով, որ այս գորգերը ստեղծել են ոչ թե հայտնի վարպետներ, որոնք հարստություն են կուտակել՝ դրանք վաճառելով, այլ 150 տարի առաջ հեռավոր լեռնային վայրերում բնակված հասարակ ջուլհակներ: Նրանք ստեղծել են այս նմուշները, քանի որ սիրել են իրենց արհեստը, հպարտացել իրենց գործով և միաժամանակ ցանկացել ընտանիքի անդամներին այսպիսի իրեր ունենալու բերկրանք պատճառել»։
Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։