
Թումո Կապանի նոր շենքի պաշտոնական բացումը կրկնակի տոնական էր, քանի որ այն համատեղվել էր մեր ամենասիրելի ու սպասված տոնի՝ Բարեկենդանի հետ։ Բարեկենդանի խորհրդանշական գայլին այս տարի միացել էր այծը: Հայկական թմբուկի զարկերի ներքո նրանք առաջնորդեցին դիմակներով շքերթն ու հյուրերին ուղղորդեցին Թումո Կապանի շենքի դիմաց: Լարախաղի հնարքներով հյուրերին, թումոցիներին ու ծնողներին զարմացրեց լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը: Իսկ բոլորին տոնական շուրջպարի մեջ առավ «Որոտնա» ավանդական երգ ու պարի խումբը` ներկայացնելով ու սովորեցնելով հայկական ազգագրական պարերի` Թամզարայի, Յարխուշտայի, Քոչարիի շարժումները: Տոնական օրվա երաժշտական ուղեկցությունը հայկական պարկապզուկով, բլուլով, պկուով ու կիթառների բիթերով ապահովեց «Կաթիլ» ֆոլք բենդը: Իսկ երեկոն եզրափակվեց Թումո Կապանի շենքի ճարտարապետական առանձնահատկություններն ընդգծող աուդիովիզուալ փորձառությամբ, որն ապահովեցին Շահեն Խանդկարյանն ու Միսակ Սամոկատյանը: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։