Մայիսի 27-ին «Տոներն Ախալցխայում» ծրագրի շրջանակում «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ ծրագրում ներգրավված կամավորների համար։ «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը ողջունեց կամավորներին ծրագրում ներգրավվելու նրանց պատրաստակամության համար և ներկայացրեց ծրագրի կարևորությունը ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման, այլև ներգրավված մասնակիցներին գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձ փոխանցելու, արժեքային համակարգի ձևավորման տեանկյունից։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը ներկայացրեց դաշտային հետազոտություններ իրականացնելու մեթոդաբանությունը, մեթոդները, հետազոտական էթիկայի հիմնական մոտեցումները, դաշտային այցելությունների, հարցազրույցների, տվյալների մշակման, պատմությունների հավաքագրման ու ներկայացման ձևերը։ Նա մանրամասն բացատրեց նաև մշակված հարցաշարի կառուցվածքը և կիրառման առանձնահատկությունները։ Ն. Սիրականյանը ներկայացրեց նաև ծրագրի իրականացման փուլերը, հերթական գործողությունները և արդյունքների ամփոփման ու ներկայացման ձևաչափը։ Վերլուծվեց նաև նախորդ տարիների ծրագրերի իրականացման ընթացքում բանահավաքներին հանդիպած խնդիրները և դրանց հաղթահարմանը միտված լուծումները։ Ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը ներկայացրեց առաջիկա աշխատանքների ժամանակացույցը, թիմային աշխատանքի մոդելները և կամավորների միջև արդյունավետ հաղորդակցության միջոցները։ Սեմինարին տեղացի կամավորները մասնակցեցին առցանց ձևաչափով։
Ծրագիրը կօգնի ներգրավված կամավորներին դառնալ մշակութային ժառանգության փոխանցողներ՝ նպաստելով նրանց քննադատական մտածողության, հաղորդակցության, ինչպես նաև մեդիագրագիտության զարգացմանը։
Հիշեցնենք, որ «Տոներն Ախալցխայում» ծրագիրն իրականացվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։