Դարեր շարունակ ավանդական պարը մարդու կենսագործունեության անբաժան մաս է եղել, փոփոխվել և զարգացել է մարդուն և նրա կենսակերպին համընթաց, ուստի կրում է ազգի բնութագրիչները՝ մտածելակերպը, ապրելակերպը, արժեքներն ու առաքինությունները, բարքն ու քաղաքակրթության աստիճանը, մի խոսքով՝ ինքնությունը: Այս գաղտնագրված ինքնության պահպանումն ու փոխանցումը առանցքային դեր ունի սերունդների ձևավորման և ազգի ապագայի կերտման գործում:
«Կաքավագիր» ակումբն այս ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրել է պարագետ, բանահավաք, ինչպես նաև ակումբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի մշակած «պարի կենսաշրջանը»՝ պարն առաջնային կրողից ժողովրդին վերադարձնող մոդել-ռազմավարությունը։ Այն բաղկացած է 4 փուլերից՝ պարի գրառում առաջնային կրողից, մշակում/վերականգնում, բեմականացում ու բեմական կատարում և վերաիմաստավորված պարի վերադարձ ժողովրդին։ Մոդելը հայ ավանդական պարերի պահպանումը և վերջնարդյունքում դրանց փոխանցումը՝ վերադարձը ժողովրդին, դարձնում է կառուցվածքավորված և համակարգված գործընթաց։
Հունիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, «ՎԱՆ» բիզնես կենտրոնում ակումբի անդամները կներկայացնեն մոդելի յուրաքանչյուր փուլը։
Միջոցառումը կազմակերպվում է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի ծննդյան օրվան ընդառաջ։
Մուտքն ազատ է։