«Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիր

«Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիր

Շուլալ կարպետը երկար պատմություն ունի, որ ձգվում է հին դարերից ու կենդանանում մեր օրերում։ Այն կարպետի հայկական, ավանդական տեխնիկա է, որը լայն կիրառություն է ունեցել նաև Տավուշի մարզում։ Այս տեխնիկայով կարպետ գործելն ավելի դժվար է, քան դասականը կարպետագործը պետք է ունենա նկարելու, նախշ գծագրելու, հաշվելու հմտություն, ինչպես նաև լավ ճաշակ։ Հարկավոր է անթերի կատարել շուլալ կարպետի նախշերը, ինչը պահանջում է փորձ, ունակություն և անթերի աչքաչափ։ Շուլալի ստեղծման համար օգտագործվում են բրդյա և բամբակյա թելեր, որոնք ավանդաբար ներկվում են բնական հումքով։ Կարպետի նախշերն ու տափը (դաշտը) գործվում են իրար հետ՝ շարք շարքի հետևից։ Արդյունքում ստացվում է առավել հաստ, ամուր և դիմացկուն գործվածք։
«Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի առաքելությունը շուլալ կարպետի մոռացված տեխնիկային նոր շունչ և շարունակականություն հաղորդելն է։ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում շուլալ կարպետն ավելացվել է հենց նրանց ներկայացրած հայտով։ Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տավուշի Խաշթառակ, Գանձաքար և Աչաջուր համայնքներում «Թելիկ»-ն իրականացնում է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը։

Comments are closed.