
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը։
Միջոցառումը նորովի ներկայացրել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազան դրսևորումները՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդարվեստը, տարազը և այլն։
Փառատոնն այս տարի համախմբել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից, որոնք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրօրինակ աշխատանքներ։
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ոչ միայն կարևոր հարթակ է ժողովրդական արվեստի և արհեստների պահպանման ու տարածման համար, այլև նպաստում է միջմշակութային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային փորձի փոխանակմանը: