Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման:

Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այս կերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։

Այս տարի նախաձեռնությանը միացել էր ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։

Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում անցկացվեցին բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն էր արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։

Comments are closed.