Փետրվարի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում՝ օրերս վերաբացված Հայկական գործվածքի թանգարանում, տեղի ունեցավ շրջայց՝ թանգարանի հիմնական ցուցադրության համադրողներ Նարեկ Վան Աշուղաթոյանի և Հրազդան Թոքմաջյանի հետ:
Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով և պաշտոնապես վերաբացվել Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարում: Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը։