Ազգային ակունքներ, ծիսականություն և հողի հետ ունեցած անքակտելի կապ. հուլիսի 10-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում բացվեց «Ռուբեն Շահվերդյան․ հողի հիշողությունները» ցուցահանդեսը։
Ռուբեն Շահվերդյանը հայ ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի, մասնավորապես՝ խեցեգործության ամենատաղանդավոր, ինքնատիպ և խորը վարպետներից է։
Շահվերդյանի արվեստը սնվում է հայկական հնագույն մշակույթից։ Նրա աշխատանքներում ակնհայտորեն զգացվում է Վանի (Ուրարտուի), Կարմիր բլուրի, Դվինի և Անիի խեցեգործական ավանդույթների ազդեցությունը։
Կժերը, սափորները, ձևավոր ամաններն ու քանդակներն այստեղ պարզապես կենցաղային առարկաներ չեն․ դրանք կրում են խորհրդանշական պատկերներ՝ կենաց ծառ, թռչուններ, աստվածուհիներ և տոհմային նշաններ:
Նրա գործերում հաճախ է հանդիպում մայրության, պտղաբերության և հավերժության թեման։
Ռուբեն Շահվերդյանը վերականգնել է հայկական ավանդական խեցեգործության «մութ», երբեմն անփայլ (անգոբապատ կամ ծխահարված) էսթետիկան, որը խորհրդավորություն է հաղորդում աշխատանքներին։
Բացի փոքր կլոր քանդակներից և սափորներից, Ռուբեն Շահվերդյանը հայտնի է նաև իր մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներով՝ խճանկարներ, կերամիկական պաննոներ, որոնք զարդարել են տարբեր հանրային շենքեր ու միջավայրեր Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Ցուցահանդեսը կհամալրի թանգարանի մշտական ցուցադրության` դեկորատիվ-կիրառական արվեստի հատվածը։
Թանգարանի հասցեն՝ Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1։