ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ:
Նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով: