«Ձմեռային հեքիաթ» ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործների ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:

«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որը ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը»,-նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:

«Յուրաքանչյուր տարեմուտի թանգարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման»,-իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսին մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:

«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը:

Աղբյուրը՝ www.yerevan.am

Comments are closed.