Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները

2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ: Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 7 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր), «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան»), համալրվեց ևս 5-ով: Դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արԺանանալուց հետո միայն:

 

Նաիրա Կիլիչյան

Comments are closed.