2018 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատոնը:
Հայաստանից մրցույթ-փառատոնին մասնակցել են Երևանի պարարվեստի պետական քոլեջի 6 սաներ:
Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատոնին մասնակցում էին 6 երկրների՝ 48 ներկայացուցիչներ: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերում, հետևյալ անվանակարգերում՝ «Դասական պար» և «Մոդեռն պար»:
Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Վահե Բաբաջանյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է I մրցանակի, իսկ «Մոդեռն պար» անվանակարգում՝ II մրցանակի:
Քոլեջի 5-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Գոռ Սարգսյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է III մրցանակի և հատուկ մրցանակի՝ Մարիուս Պետիպայի ժառանգության լավագույն մեկնաբանության համար:
Քոլեջի սաներ Սուսաննա Խաչատրյանը, Անահիտ Խաչատրյանը, Լիա Արամյանը, Սյուզաննա Գևորգյանն արժանացել են դիպլոմների և մեդալների:
«Լավագույն մանկավարժ» հատուկ մրցանակը շնորհվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանին: